Բելառուսի քաղաքացի, իրավապաշտպան Վիկտոր Կլիմուսն ազատ է արձակվել

Հասարակություն

15.06.2026 | 15:46

Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Բելառուսի քաղաքացի, իրավապաշտպան Վիկտոր Կլիմուսն արդեն ազատության մեջ է։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրին Ներքին գործերի նախարարությունից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ միջազգային համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած Կլիմուսը Վարշավա-Երևան թռիչքից հետո ձերբակալվել է։  Factor.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու նախկին անդամ, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանը պատմել էր, որ իրենց հրավերով էր իրավապաշտպանը Հայաստան եկել։

«Վիկտոր Կլիմուսը Հայաստան է ժամանել Լեհաստանից, որտեղ տևական ժամանակ բնակվում է, քանի որ Բելառուսում քաղաքական հետապնդման էր ենթարկվում, բազմաթիվ քրեական գործեր էին նախաձեռնել, ահաբեկչության հոդված էին դրել նրա վրա։ Կլիմուսը երկար տարիներ իրավապաշտպան է եղել Բելառուսում, Հայաստան է եկել մասնակցելու վաղը մեկնարկող միջազգային համաժողովի, նախատեսված էր, որ պետք է մեկ շաբաթ ՀՀ-ում մնար։ Վիկտոր Կլիմուսն ահաբեկիչ կամ հանցագործ չէ, երկար ժամանակ է ապրում և պաշտպանություն է ստացել Եվրոպայում։ Ստացվում է՝ Եվրոպական Միությունը պաշտպանություն է տրամադրել այս անձին, իսկ ԵՄ ձգտող Հայաստանը ձերբակալել է նրան՝ կատարելով Բելառուսի ավտորիտար ռեժիմի ապօրինի պահանջը: Մենք մտածել ենք՝ ՀՀ-ն ապահով կլինի, այնինչ տեսնում ենք, որ մեր երկիրը հակված է կատարելու ապօրինի պահանջները։ Հույս ունեմ՝ տեղի ունեցածը թյուրիմացություն է, պարզապես նրա անունը եղել է դատաբազայում, կատարել են զուտ իրավական գործընթացը և կարճ ժամանակում ազատ կարձակվեն, հակառակ դեպքում լուրջ մտահոգություններ կառաջանան նրա արտահանձնման մասով. Բելառուսում նա քաղբանտարկյալ է, եթե հանկարծ արտահանձնվի, նրա կյանքին վտանգ կսպառնա։ Հայաստանը Բելառուս չէ և չպետք է ձևավորի մի երկրի հեղինակություն, որտեղ քաղաքական հետապնդումներից փախած մարդիկ չեն գտնում պաշտպանություն, այլ բախվում են նույն հետապնդումների վտանգին, որոնցից փորձել են փրկվել»,- նշել էր Երիցյանը։

 

Ռոզա Վարդանյան

Leave a comment