Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանն հատել է ընտրակեղծիքների «կարմիր գիծը»

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների «կարմիր գիծը»


ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների «կարմիր գիծը»։

«Պատմականորեն ինչի դեմ քննադատության խոսք է բարձրացրել լրագրող Փաշինյանը, նույն բանն արել է վարչապետ Փաշինյանը։ Պատմականորեն միշտ խոսելով ընտրակեղծիքներից, քննադատելով ընտրակեղծիքները՝ այսօր նա հատեց ընտրակեղծիքների «կարմիր գիծը»։ 50 հազարից ավելի ձայն ունեցող ուժին, ուղղակի մի քանի ընտրատեղամասի ձայներ չեղյալ հայտարարելով, դուրս թողեց Ազգային ժողովից՝ դրանով իսկ խլելով մեր ժողովրդից Ալիևի, ադրբեջանցիների կողմից ներմուծված Սահմանադրությանը «ոչ» ասելու իրավունքը», — ասել է Կարապետյանը Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում։

Նրա խոսքով՝ Փաշինյանն, ընտրակաշառքի մասին խոսելով, ցանկանում է շեղել ժողովրդին։

«Այս մարդն արել է Հայաստանի պատմության մեջ ամենակոպիտ ընտրակեղծիքը։ Նա ուղղակի դուրս է հանել ուժերից մեկին և 3/5-րդից զրկել ընդդիմությանը», — նշել է նա։

Ըստ Կարապետյանի` ներկայիս իրավիճակում Փաշինյանը ժողովրդավարությունից խոսելու իրավունք չունի։


Ընտրությունների մասին


Հայաստանի ԿԸՀ-ն կիրակի օրը՝ հունիսի 14-ին, ներկայացրեց հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրություններին մասնակցում էր 18 քաղաքական ուժ։

ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49,745%-ը (64 պատգամավորական մանդատ), ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,271%-ը (29 մանդատ), ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը՝ 9,923%-ը (12 մանդատ)։

Մեկ այլ ընդդիմադիր ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), հավաքել է ձայների 3,989%-ը՝ չնչին մասով չհաղթահարելով անցողիկ նվազագույն շեմը (4%):

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երեք ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։

ԲՀԿ-ն հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել վերոնշյալ երեք ընտրատեղամասերից երկուսի քվեարկության արդյունքները։ Ընդ որում, դատարանն արձանագրել է խախտումը և կրկնակի քվեարկություն նշանակելու անհրաժեշտությունը։

Հունիսի 15-ին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ կրկնակի քվեարկություն չի անցկացվի, քանի որ դա կարող է հանգեցնել ընտրողների իրական կամքի խախտմանը և խաթարել արդար ու հավասար ընտրությունները։

Leave a comment