Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը


Արտահանման և ներմուծման դինամիկայի համաձայն՝ հունվար-մարտ ամիսներին ապրանքների արտահանումն ունեցել է 4,5 տոկոս աճ, իսկ, ինչն ավելի կարևոր է, հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 36,9 տոկոսով: 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին ապրանքների ներմուծումն աճել է 4,6 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 15-ի արտահերթ նիստում: Քննարկվել է 2026 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:


Ըստ ֆինանսների նախարարի՝ հունվար-մարտ ամիսներին զբոսաշրջիկների թիվն աճել է 17,2 տոկոսով, ընդ որում՝ Ռուսաստանի Դաշնությունից աճը կազմել է 24,8 տոկոս: Այլ երկրներից հունվար-մարտ ամիսներին զբոսաշրջիկների հոսքն աճել է 5,6 տոկոսով:


Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումներն աճել են 17,9 տոկոսով, ընդ որում` Ռուսաստանի Դաշնությունից աճը կազմել է 21,5 տոկոս, իսկ այլ երկրներից հունվար-մարտ ամիսներին փոխանցումներն աճել են 14,4 տոկոսով:


Տնտեսական ակտիվությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 6,8 տոկոսով, ինչին հիմնականում նպաստել են արդյունաբերության և ծառայությունների ճյուղերը: Գնաճը կազմել է 4,5 տոկոս. բնական գնաճը՝ 4,7 տոկոս, իսկ հունվար-մարտ ամիսների միջին գնաճը՝ 4,2 տոկոս: Այս համատեքստում Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6,5 տոկոս: Արձանագրվել է վարկերի ծավալների 21,2 տոկոս և ավանդների 19,8 տոկոս աճ:


Ճշտված ծրագրի համեմատ եկամուտներն ավելի են եղել 5,2 տոկոսով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմում է շուրջ 12 տոկոս աճ: Հարկային եկամուտները և պետական տուրքերն ավելի են եղել 13,6 տոկոսով:


ՀՀ կառավարության պարտքը 2026 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 5 տրլն 311 մլրդ դրամ, որը նախորդ ժամանակահատվածի համեմատ ավելացել է ընդամենը 11 մլրդ դրամով:


Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով հավելյալ պարզաբանումներ հնչեցված ցուցանիշների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել գնաճին, ինչպես նաև դրա ազդեցությանը երկրի ընթացիկ տնտեսական ակտիվության վրա:


Հանձնաժողովը ներկայացված տեղեկանքն ընդունել է ի գիտություն:

Դիտումների քանակ3

Leave a comment