«Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին



Քաղաքականություն





«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ անդրադառնալով Ազգային ժողովի կազմավորման շուրջ ստեղծված իրավիճակին և խորհրդարան անցած քաղաքական ուժերից մեկի մանդատների հարցին։

«Այսօր ժողովրդի քվեով ԱԺ անցած ուժին, որը կօգներ մեզ ապահովել մեր պայքարը Ալիևի սահմանադրության դեմ, Ալիևի ծրագրերի դեմ, ուղղակի առանց բացատրության հանեցին ԱԺ-ից՝ չնայած դատարանի ուղիղ որոշմանը։ Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա։ Ունե՞նք իրավունք զիջելու։ Ո՛Չ»,– հայտարարել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը ոչ միայն քաղաքական, այլև սկզբունքային նշանակություն ունի։ Կարապետյանը համոզված է, որ խորհրդարանական պայքարը շարունակվելու է՝ անկախ այն դժվարություններից, որոնք առաջացել են հետընտրական գործընթացների արդյունքում։

«Լինելու է դժվար, լինելու է անարդար, բայց սե՞նց դիկտատորներ են ճամփվել։ Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին»,– նշել է նա։

Կարապետյանի հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ հետընտրական զարգացումները շարունակում են մնալ քաղաքական օրակարգի կենտրոնում։ Ընդդիմադիր շրջանակներում շարունակվում են քննարկումները ընտրական գործընթացների, դատական որոշումների և խորհրդարանի վերջնական կազմի շուրջ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նախկինում ևս հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել քաղաքական և իրավական պայքարը՝ պաշտպանելու իր ընտրողների քվեն և առաջ քաշած քաղաքական օրակարգը։ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարությունը դիտարկվում է որպես այդ պայքարի շարունակության մասին հերթական ազդակ, որով ընդդիմադիր ուժը փորձում է համախմբել իր աջակիցներին և ընդգծել, որ չի պատրաստվում հրաժարվել իր քաղաքական նպատակներից։




Leave a comment