ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Հայաստանի աշխարհագրական դիրքն այն հազվագյուտ կետերից մեկն է, որտեղ հատվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Եվրոպայի և ավելի ակտիվ դարձող Չինաստանի շահերը։
ԱՄՆ-ում գիտեն, որ տեսանելի ապագայում Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը հավանական չէ։ Հայաստանն աշխարհագրորեն մեկուսացված է ԵՄ-ից, ունի տարածաշրջանային պրոբլեմներ և օբյեկտիվորեն շարունակում է կապակցված մնալ Ռուսաստանի հետ։
Սակայն ԵՄ մերձեցման թեման ստեղծում է հարմար քաղաքական շրջանակ՝ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու, ռուսական ազդեցությունը նվազեցնելու, արևմտյան ազդեցությունն ընդլայնելու, ինչպես նաև ներդրումների և անվտանգային ոլորտում համագործակցության համար։
Այլ կերպ ասած՝ ԵՄ անդամակցությունն անիրատեսական է, սակայն Հայաստանի աստիճանական տեղափոխումը դեպի արևմտյան (հատկապես՝ թուրքական) ազդեցության գոտի՝ իրատեսական է։
Ուկրաինական պատերազմից հետո, ԱՄՆ-ի ռազմավարությունն ուղղված է ռուսական ազդեցության նվազեցմանն այն տարածքներում, որոնք Մոսկվան ավանդաբար համարում է իր շահերի գոտի։
Պատմականորեն Հայաստանը եղել է Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկը: ԱՄՆ-ի տեսանկյունից, եթե Հայաստանը սկսում է աստիճանաբար հեռանալ Մոսկվայից, դա աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության թուլացման հերթական ցուցիչ։ Կարծում եմ այս փուլում Արևմուտքի համար այդ գործոնն ավելի կարևոր է, քան Հայաստանի անվտանգությունը կամ «եվրոպական ապագան»։
Հայաստանը շարունակում է մնալ Իրանի քիչ թվով բարեկամ հարևաններից մեկը։ Վաշինգտոնը շահագրգռված է նաև Իրանի հյուսիսային սահմանների մոտ արևմտյան ներկայության ուժեղացմամբ: Նահանգներին անհրաժեշտ են տրանսպորտային, էներգետիկ և այլ կոմընիկացիաներ, օգտակար հանածոներ, ինչպես նաև Հարավային Կովկասում Իրանի հնարավոր ազդեցության սահմանափակում։
Սա նշանակում է, որ երկարաժամկետ ռազմավարական պլանավորման տեսանկյունից, առևտրային ուղիների, ռեգիոնալ կոմունիկացիաների և էներգակիրների համար մղվող պայքարում, Իրանի հյուսիսային սահմանին ՀՀ դեմքով գործընկեր պետության առկայությունն ԱՄՆ-ի համար որոշակի արժեք է ներկայացնում։
Հարավային Կովկասն ընկած է այն խաչմերուկում, որոնք կապում են Եվրոպան, Կենտրոնական Ասիան, Կասպիական տարածաշրջանը և Չինաստանը։ ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ եթե ակտիվ ներկայություն չունենա տարածաշրջանում, ապա ապագա ենթակառուցվածքային, հեռահաղորդակցական, լոգիստիկ և էներգետիկ նախագծերը կարող են ամբողջությամբ անցնել Չինաստանի և Ռուսաստանի վերահսկողության տակ։
Ինչո՞ւ է վերջին ընտրություններում Արևմուտքն այդքան բացահայտ աջակցել գործող ռեժիմին: Որովհետև նրանք այդ ընտրություններն իրենց համար գնահատում են որպես ռազմավարական նշանակության հարց: Ոչ թե, որ Նիկոլը «հայտնի դեմոկրատ» կամ «վստահելի արևմտամետ» է, այլ, որովհետև նա պատրաստ է պետությունը դնել աշխարհակարգի վերափոխման փորձարկումների տակ՝ առանց մտածելու հետևանքների մասին:
Արևմուտքի տեսանկյունից՝ ՀՀ ներկայիս անհեռանկար, կապիտուլյացված ու կախյալ կառավարությունն ավելի ընդունելի և հարմարավետ է, քան այն կառավարությունը, որը կարող է փորձել վերականգնել հավասարակշռված հարաբերությունները փոխադարձ շահեր ունեցող դաշնակից և գործընկեր բոլոր երկրների հետ»։