Եվրահանձնաժողովը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը և դրանից ակնկալում է Հորմուզի նեղուցի անհապաղ բացում, անցման վճարների վերացում, ինչպես նաև Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի դադարեցում։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Ես ողջունում եմ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը, որը կնքվել է մի շարք գործընկեր երկրների ակտիվ դիվանագիտական ջանքերի հիման վրա: Այս համաձայնագիրը պետք է թույլ տա անհապաղ վերաբացել Հորմուզի նեղուցը։ Նավագնացության ազատությունը պետք է վերականգնվի անվճար հիմունքներով։
Սա էական է տարածաշրջանային կայունության և համաշխարհային տնտեսության համար։ Այն դուռ է բացում Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության վերաբերյալ ավելի լայն բանակցությունների համար։ Եվ պետք է վերջ դնի Իրանի միջուկային և բալիստիկ ծրագրերին ու տարածաշրջանում նրա ապակայունացնող գործունեությանը»,- գրել է Լայենը:
Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև կոչ է արել բոլոր կողմերին հարգել Լիբանանի ինքնիշխանությունը:
«Եվ, իհարկե, Մերձավոր Արևելքում խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է։ Եվրոպան կրկին կոչ է անում բոլոր կողմերին հարգել Լիբանանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և իրականացնել անկեղծ զինադադար»,- նշել է նա: