Չինաստանը պատրաստում է նոր վճարային համակարգ՝ դոլարի հետ մրցակցելու համար

Չինաստանը մոտենում է թվային արժույթների լայնածավալ ծրագրի գործարկման ավարտական փուլին։ Ինչպես հայտնում է Financial Times-ը, նոր mBridge վճարային հարթակը կարող է արմատապես փոխել միջազգային փոխանցումների շուկայի կանոնները։ Պեկինի հովանու ներքո իրականացվող նախագիծը միավորում է մայրցամաքային Չինաստանի, Հոնկոնգի, Թաիլանդի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի կենտրոնական բանկերի ջանքերը։ Իրավիճակին ծանոթ աղբյուրների տվյալներով՝ համակարգի օպերացիոն կառավարման համար Հոնկոնգում կստեղծվի առանձին իրավաբանական անձ։

Առևտրային գործարկման հստակ ժամկետը դեռևս չի հայտարարվել, սակայն նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ mBridge-ի ներսում միջնորդավճարները կլինեն մոտ երկու անգամ ցածր, քան ավանդական միջազգային վճարային համակարգերում։ Նախագծի հիմնական թիրախային լսարանը փոքր բիզնեսն է, որի համար SWIFT-ի օգտագործումը հաճախ չափազանց թանկ և բարդ է։

Չինաստանի ձգտումը՝ ավելի ակտիվորեն խթանել իր ազգային արժույթը, ավելի է ուժեղացել Իրանում պատերազմի ֆոնին։ Հակամարտության սկզբից կտրուկ աճել է CIPS-ի՝ յուանով հաշվարկների համար նախատեսված չինական SWIFT-ի պահանջարկը։ mBridge հարթակը կգործի որպես անկախ, սակայն լրացնող համակարգ։ Դրա հիմնական նպատակը թվային յուանի (e-CNY) կիրառման խթանումն է։

Նախագծի գործարկումը համընկնում է տարածաշրջանային վճարային ցանցերի արագ զարգացման շրջանի հետ։ Նմանատիպ նպատակներ՝ արագացնել և էժանացնել փոխանցումները, հետապնդում են նաև եվրոպական SEPA համակարգը և մասնավոր նախաձեռնությունները, ինչպիսին է Ant Group-ի QR կոդերի ցանցը։

«Այլընտրանքային ֆինանսական համակարգերի միջև ընթանում է լուռ սպառազինությունների մրցավազք: Սա թվային արժույթների աշխարհում մի տեսակ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնություն է», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի RUSI ինստիտուտի Ֆինանսների և անվտանգության կենտրոնի տնօրեն Թոմ Քիթինգը։ Նրա խոսքով՝ մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք շեշտը դնում է ստեյբլքոյնների վրա, Չինաստանը mBridge-ի նման նախագծերի միջոցով ամրապնդում է թվային յուանի դիրքերը։

Միջազգային ֆինանսների ինստիտուտի Չինաստանի հետազոտությունների բաժնի ղեկավար Ջին Ման կարծում է, որ համաշխարհային վճարային համակարգը, որտեղ նախկինում աներկբա գերիշխանություն ուներ SWIFT-ը, աստիճանաբար բաժանվում է մրցակցող ցանցերի։ mBridge նախագիծը, որը մեկնարկել էր դեռևս 2021 թվականին Միջազգային հաշվարկների բանկի (BIS) հովանու ներքո, բազմիցս քննադատության է ենթարկվել։ Քաղաքական գործիչները մտահոգություն էին հայտնում, որ այն կարող է հնարավորություն տալ շրջանցել դոլարային պատժամիջոցները։

2024 թվականին Վաշինգտոնի ճնշման ներքո BIS-ը նախագծի կառավարումը փոխանցեց մասնակից երկրներին։ Միաժամանակ BIS-ի և Չինաստանի Ժողովրդական բանկի ղեկավարությունը պնդում է, որ mBridge-ը լիովին համապատասխանում է FATF-ի՝ փողերի լվացման դեմ պայքարի կանոններին։

Հարթակը հիմնված է բլոկչեյն տեխնոլոգիայի վրա։ Դա կենտրոնական բանկերին հնարավորություն է տալիս կատարել անմիջական հաշվարկներ սեփական թվային արժույթներով՝ բացառելով դոլարը որպես միջանկյալ օղակ։ Արտարժութային գործարքների կատարման ժամանակը կրճատվում է մինչև մի քանի վայրկյան։

Առևտրային բանկերը նույնպես կկարողանան միանալ գործարքներին, սակայն իրենց ազգային կարգավորիչների վերահսկողության ներքո։ Առկա տվյալների համաձայն՝ mBridge-ի միջոցով արդեն իրականացվել են շուրջ 470 միլիարդ յուանի (69 միլիարդ դոլարի) գործարքներ։

Ռազմավարական առումով նոր համակարգը կարող է ամրապնդել Չինաստանի դիրքերը համաշխարհային առևտրում։ Ավելի լայն իմաստով mBridge-ի հաջողությունը կուժեղացնի Չինաստանի ազդեցությունը համաշխարհային դրամավարկային համակարգի վրա և կնպաստի յուանի երկարաժամկետ միջազգայնացմանը։

Leave a comment