Մանդատների հարցով ընդդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի, հիմա պրոցես է գնում․ Իշխան Սաղաթելյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մանդատներից զրկելու և խորհրդարանից դուրս թողնելու որոշումը հերթական խուժանությունն ու հանցագործությունն է։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի պնդմամբ՝ ԿԸՀ-ի գործողություններում առկա է ակնհայտ դիտավորություն, որի նպատակն է իշխող ուժի համար ապահովել խորհրդարանական երեք հինգերորդ մեծամասնություն։

«Ակնհայտ է, որ չնայած գործադրած ջանքերին, հսկայական ապօրինություններին ու ընտրախախտումներին՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել հասնել իր նպատակին և հիմա բացահայտ խուժանությամբ փորձում է տապալել սահմանադրական կարգը՝ ապահովելով իր վերարտադրությունը։ ԿԸՀ-ն վերածվել է այս ռեժիմի հանցագործությունները դակող մարմնի»,- նշեց Սաղաթելյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք դաշինքը վերցնելու է խորհրդարանական մանդատները, ընդդիմադիր գործիչն այն որակեց որպես արհեստական օրակարգ։ Ըստ նրա՝ մարդկանց այս պահին հետաքրքրում է՝ ընտրությունների արդյունքները չեղարկվելու են, թե ոչ։

«Դա միայն մեր որոշելիքը չէ։ Ընդդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի։ Հանգամանալից կքննարկենք ստեղծված իրավիճակն ու հնարավորությունները։ Եթե վերցնենք՝ կասենք՝ ինչի համար ենք վերցնում, եթե չվերցնենք՝ ցույց կտանք չվերցնելու ճանապարհը։ Մենք կխոսենք մեր հանրության, մեր ընտրողների հետ և կբացատրենք մեր որոշումը»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօրով պրոցեսը չի ավարտվում, և իրենք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան, ինչպես նաև շարունակում են քվեարկած քաղաքացիների ստորագրությունների համեմատության ուսումնասիրությունը։

Իշխան Սաղաթելյանը չբացառեց հետընտրական փուլում փողոցային պայքարի գեներացումը՝ շեշտելով, որ գործող իշխանությունը միայն այդ լեզուն է հասկանում։

«Որպես գործիքակազմ՝ դրա կիրառումը չի կարելի բացառել, և երբեք չես կարող հաջողության հասնել առանց փողոցային պայքարի։ Այս իշխանությունը հենց այդ լեզուն է հասկանում։ Թե ինչ քայլեր կձեռնարկենք, դա պետք է քննարկենք մեր մյուս գործընկերների հետ»,- ասաց նա։

Մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի պահանջը՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու և նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, Սաղաթելյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքը նույնպես պահանջում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել թե՛ ԿԸՀ-ում, թե՛ Սահմանադրական դատարանում։

Միևնույն ժամանակ, նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ օրակարգում կարող է լինել նաև ընտրությունների երկրորդ փուլի տարբերակը, սակայն հիմնական խնդիրն այն է, որ տեղի ունեցած ապօրինությունները որևէ կերպ չարձանագրվեն որպես օրինական արդյունք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment