«Ուժեղ Հայաստան»-ը ԿԸՀ է ներկայացրել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքերը. Վարդևանյան

Նրա խոսքով՝ ընտրական գործընթացի ժամանակ արձանագրված խախտումները կասկածի տակ են դնում քվեարկության արդյունքների օրինականությունը


ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը բավարար հիմքեր է ներկայացրել խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։ Այս մասին հայտարարել է դաշինքի ընտրական ցուցակի երրորդ համար Արամ Վարդևանյանը։


«Մենք ներկայացրել ենք հիմքեր առ այն, որ ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն։ Մենք տեսանք, թե ինչ գործողություններ իրականացվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ։ Ըստ օրենսդրության՝ պետք է հայտարարվեր վերաքվեարկություն (այն տեղամասերում, որտեղ ընտրությունների արդյունքները չեղարկվել էին – խմբ.)»,- հայտարարել է Վարդևանյանը։


Նրա խոսքով՝ ընտրական գործընթացի ժամանակ արձանագրված խախտումները կասկածի տակ են դնում քվեարկության արդյունքների օրինականությունը։


Վարդևանյանը նաև կասկած է հայտնել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերաքվեարկություն նշանակելու որոշում կկայացնի։


ՀH Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի ներկայացրել է ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները։ Համաձայն հայտարարության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49,745%-ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,271%-ը, «Հայաստան» դաշինքը՝ 9,923%-ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքել է ձայների 3,989%-ը և չի հաղթահարել նվազագույն շեմը։


Ավելի վաղ մի շարք ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ հայտարարել էին խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու մտադրության մասին, այդ թվում՝ դատական կարգով՝ մատնանշելով ընտրական գործընթացի և քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ տեղի ունեցած խախտումները։


 


 


Leave a comment