Իրանը բացահայտել է ԱՄՆ-ի հետ քննարկվող հնարավոր համաձայնագրի նախագծի հիմնական կետերը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթղթի նախագիծը ներառում է մի շարք կարևոր դրույթներ, որոնք ուղղված են երկու երկրների միջև լարվածության թուլացմանը և հարաբերությունների կարգավորմանը։
Մասնավորապես, համաձայնագրով նախատեսվում է վերացնել իրանական նավթի արտահանման նկատմամբ գործող սահմանափակումները, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից հրաժարվել Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառությունից։
Նախագիծը նաև նախատեսում է շուրջ 25 միլիարդ դոլարի չափով իրանական սառեցված ակտիվների ապասառեցում։
Փաստաթղթի համաձայն՝ Իրանը պարտավորվում է բացել Հորմուզի նեղուցը միջազգային առևտրային նավագնացության համար և երաշխավորել նավերի անարգել անցումը։
Բացի այդ, Թեհրանը ստանձնում է պարտավորություն չստեղծել և չձեռք բերել միջուկային զենք, ինչպես նաև բանակցությունների ընթացքում սառեցնել իր միջուկային ծրագրի հետագա զարգացումը։
Հաղորդվում է, որ վերջնական համաձայնության ձեռքբերման դեպքում նախատեսվում է աստիճանաբար վերացնել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։
Պաշտոնական հաստատում կամ համաձայնագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ հայտարարություններ առայժմ չեն հրապարակվել։