Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) ապամիջուկայնացման հարցը փակված է, և երկիրը կշարունակի մնալ միջուկային պետություն։ Այս մասին հայտնել է հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ փոխանցում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA)։
Գերատեսչության հայտարարությունը պատասխան է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վերջին գործողություններին։ Փհենյանում նշել են, որ Վաշինգտոնը, Տոկիոն և Սեուլը համակարգված կերպով միջուկային սպառնալիքների հռետորաբանություն են կիրառում ԿԺԴՀ-ի նկատմամբ։ Այդ պատճառով ԱԳՆ-ն միջուկային զինաթափման վերաբերյալ ցանկացած քննարկում անվանել է «անիմաստ և դատարկ մոլորություն»։
Գերատեսչության ներկայացուցիչը նաև դատապարտել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի «միջուկային հակամարտությանն ուղղված կոլեկտիվ սադրանքները», ինչպես նաև արևմտյան երկրների «ոչ մաքուր մտադրությունները», որոնք, ըստ Փհենյանի, փորձում են ինքնիշխան պետություններին պարտադրել իրենց սահմանադրություններին հակասող քայլեր։
«Ինչքան էլ վիճեն ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան, նրանք երբեք չեն կարող փոխել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ներկայիս կարգավիճակը որպես միջուկային տերություն։ Ոչ ոք չի կարող վերադարձնել ապամիջուկայնացումը, որը ժամանակի հոսքի մեջ անդառնալիորեն կորցվել է»,- ասված է հայտարարության մեջ։
Փհենյանն ընդգծել է, որ սեփական «միջուկային վահանի» ստեղծումը օրինական և անհրաժեշտ քայլ է արտաքին սպառնալիքները զսպելու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար։ ԱԳՆ-ում նշել են, որ ԿԺԴՀ-ի միջուկային ներուժի ընդլայնման գործընթացն անշրջելի է և հանդիսանում է ազգային անվտանգության ու խաղաղության պահպանման հուսալի երաշխիք։
—00—ՍՊ