Հրաժեշտ հայրենիքին. հայտնի լուսանկարի աղջնակի պատմությունը

Արցախի բռնի տեղահանության մասին աշխարհին պատմած ամենաազդեցիկ լուսանկարներից մեկում փոքրիկ աղջնակը նայում է հայրենիքից հեռացող մեքենաների շարասյանը. այդ ճանապարհն անցել է ինքը, իր նման ավելի քան 30 հազար երեխաներ, 120 000 արցախցիներ: 
«Նայում էի, թե ոնց են ավտոմեքենաները հեռանում, երբ քեռիս նկարեց այդ նկարը: Տեսա նկարն ու մտածեցի, որ մենք էլ չենք տեսնելու Արցախը»,- ասում է նկարի հերոսուհին՝ 10-ամյա Գոհարիկն ու չի կարողանում զսպել արցունքները: 
Լուսանկարի հեղինակը արցախցի լուսանկարիչ, Մեդիամաքսի ֆոտոթղթակից Դավիթ Ղահրամանյանն է, որը եւս ընտանիքի հետ ստիպված բռնել էր գաղթի ճամփան: 
Նկարում Գոհարիկը յոթ տարեկան էր: Ավանեսյանների ընտանիքի ավագ դուստրն է, ունի երկու կրտսեր քույր ու փոքր եղբայր: Լուսանկարն արվել է Հին Շեն եւ Նոր շեն գյուղերի մերձակայքում։
Հարցին, թե ինչ կուզենար պատմել այս նկարը տեսած օտարերկրացուն, Գոհարիկը պատասխանում է. 
«Կասեի, որ շատ տխուր օր էր, կասեի, որ ես Գոհարիկն եմ, Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղից եմ: Կպատմեի, որ Արցախը շատ սիրուն էր, բոլորը բարի էին, բնությունը գեղեցիկ էր»: 
Արցախում մնացած հեծանիվը 
Գոհարիկի մայրը՝ Լիդիա Ավանեսյանը հիշում է, որ երեխաները շատ էին ցանկանում հեծանիվ ունենալ, եւ շրջափակման վերջին ամիսներին կարողացան հեծանիվ գնել, սակայն չհասցրին վայելել: Երբ դեռ նոր էին սովորել հեծանիվ վարել, սկսվեց պատերազմը: 
Հիմա Գոհարիկի հեծանիվ ունենալու երազանքն անբաժան է մեկ այլ երազանքից.
«Երազում եմ, որ ունենամ հեծանիվ ու մեկ էլ գնանք Արցախ»,- ասում է նա, ու պատմում, Արցախում մնացած իր հեծանիվի մասին: 
«Չէի ուզում, որ թուրքերը վերցնեն իմ հեծանիվն ու քշեն: Որ իմացա՝ դուրս ենք գալու, վերցրի մուրճն ու սկսեցի ջարդել հեծանիվս, որ իրենք չքշեն»: 
Մանկության երկու պատերազմները
Գոհարիկի մանկական հիշողության մեջ երկու պատերազմ կա. մի դեպքում տեղահանվեցին, բայց հետո նորից վերադարձան Արցախ, մյուս դեպքում Արցախը մնաց առանց իրենց: 
«Դպրոցից ընկերուհուս հետ գալիս էինք տուն: Հենց մտա տուն, սկսեցին ուժեղ ձայներ գալ, հետո իմացանք, որ կռիվ է ու սկսեցինք շատ ուժեղ լացել, գնացինք մեր հարեւանի տուն, այնտեղ նկուղ կար, մի քանի ժամ մնացինք: Հետո գնացինք մեր տուն, իսկ երեկոյան շատ ուշ մեր հարեւանը ասաց, որ պետք է գնանք օդանավակայան»,- հիշում է Գոհարիկը: 
Մայրը բացատրում է, որ այդ օրերին Իվանյանի օդանավակայանի տարածքը համարվում էր ամենաապահովը, քանի որ այդտեղ էր տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը: 
«Բայց այդտեղ էլ ամբողջ գիշեր կրակոցներ էին լսվում»,- հիշում է Գոհարիկը: 
Խուճապը սնուցող լուրերը
«Դեռ շրջափակման ընթացքում անընդհատ խոսվում էր, որ Աղդամում բանտ են կառուցում ու պատերազմներին մասնակցած, ծառայած բոլոր տղամարդկանց այնտեղ բանտարկելու են: 
Խուճապի մեկ այլ պատճառ էին նաեւ այն լուրերը, ըստ որոնց մարդկանց մի մասին չեն թողնելու անցնել Հակարի կամուրջը, ասում էին թե մի մասը պետք է մնա, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակի մնալ Արցախում, ուստի բոլորը շտապում էին րոպե առաջ փրկվել: Խուճապը շատ-շատ էր, մարդիկ վախի մեջ էին»,- հիշում է Լիդիան: 
Հրաժեշտից առաջ
Լիդիան տանից դուրս գալուց առաջ այրել է երեխաների բոլոր անձնական իրերը, չէր ցանկանում մտքով անգամ անցկացնել, որ թուրքերը կմտնեն իրենց տուն, կկպնեն երեխաների իրերին: Քանի որ մեծ ընտանիքը պետք է տեղավորվեր մեկ մեքենայում, նվազագույն քանակի իրեր են վերցրել. երեխաների նկարները, մի ձեռք հագուստ, իրենց ջերմոցների բարիքի սերմն ու մի բուռ հող … Գոհարիկն էլ իր արջուկն է վերցրել: 
«Սեպտեմբերին երեխեքը պիտի դպրոց գնային, պայուսակ պետք է գնեի, չունեինք: Երբ գնացինք խանութ, աշխատող կինը ասաց, որ ուսապարկ վերցնեմ, ասում էր՝ Աստված ոչ անի, բայց եթե հանկարծ ստիպված լինենք դուրս գալ, գոնե երեխեքի հագուստը մեջը կդնես: Այդպես էլ արեցի, դպրոցական ուսապարկերում երեխեքի հագուստը տեղավորեցի»,- հիշում է Լիդիան: 
Ծանր էր հրաժեշտը. վերջին պահին զբաղված էին տունը հավաքելով, մաքրություն անելով: 
«Մենք հասկանում էինք, որ դուրս ենք գալիս, դա վերջն է արդեն, բայց մի տեսակ ո՞նց թողնես տունդ թափթփված վիճակում: Վերջին պահին բակն էլ ավլեցինք, հարեւաններով միմյանց հրաժեշտ տվեցինք՝ չիմանալով, թե նորից որտեղ կհանդիպենք, ու դուրս եկանք»,-հիշում է Լիդիան: 
Էջմիածնում կարողացել են տուն գնել կառավարության աջակցության ծրագրով: Տանն անելիք շատ կա, բայց գոնե հիմա գիտեն՝ սեփական տան համար են անում: Էջմիածնում արցախցի ընտանիքներ շատ կան, ոմանք նույն անունով խանութներ են բացել, ու դա եւս օգնում է կարոտն առնել: 
Նոր տան բակում Ավանեսյաններն արդեն տնկել են Արցախից բերված սերմերը՝ լոլիկ, լոբի, կանաչիներ … հողն էլ շուտով կձուլեն նոր այգու հողին: Այգում այն նույն վարդերից են աճում, ինչ Արցախի տանն ունեին: 
«Շատ մեծ հույս եմ պահում, որ եթե ես էլ չկարողանամ, գոնե երեխեքը մի օր հետ գնան իրենց հայրական տուն, իմանան՝ դա իրենց տունն է»,- ասում է Լիդիան: 
Մի գդալ հնդկաձավարն ու մի պատառ սպիտակ հացը
Գոհարիկը հիշում է նաեւ շրջափակման օրերը, երբ խանութները դատարկ էին. 
«Ուտելու բան չկար, պահածոներ ունեինք, բացում էինք ուտում էինք, իրիկունները գնում էինք հերթում կանգնում ու սպասում էինք, որ մի քանի հաց վերցնենք: Ամենաշատը քաղցրեղեն էինք ուզում, բայց խանութներում չկար»։
Ճանապարհ ընկնելիս էլ ինչ վերջին սնունդ մնացել էր, վերցրել են իրենց հետ, երկու օրից ավել ճանապարհ անցել: Լիդիան հիշում է, որ թե´ շրջափակման օրերին, թե´ դժոխային ճանապարհն անցնելիս բոլորն իրար մշտապես օգնում էին, ունեցածով կիսվում՝ լինեին հարեւաններ, թե անծանոթներ:
«Երբեք չեմ մոռանա, որ ճանապարհին մի կին հնդկաձավար էր եփել, հետը վերցրել, ինքը փոքր երեխա ուներ, ու դուրս էր եկել մեքենայից մի-մի գդալով բոլոր մեքենաների երեխաներին կերակրում էր, որ ամեն երեխա գոնե մի փոքր բան ուտի»: 
Բռնի տեղահանության օրերին Հայաստանից ավտոբուսներ էին գալիս, որ տեղափոխեն մեքենաներ չունեցող մարդկանց։ Լիդիան հիշում է, որ այդ ավտոբուսներից մեկում հաց կար, ամենասովորական սպիտակ հաց. 
«Շուրջ ինը ամիս սեւ, կոշտ հաց էինք ուտում, տեղահանության ճանապարհին ամուսինս այդ սպիտակ հացից բերեց. դրա համը, դրա քաղցրությունը… Չգիտեինք այդ մեկ հացը քանի մասի բաժանել, որ ամեն երեխա գոնե մի կտոր ուտի։ Հիմա այդ նույն հացից ամեն օր ուտում ենք, բայց այդ մեկ հացի համն է բերանումս մնացել»,- պատմում է Լիդիան։ 
Հակարի կամուրջն անցնելիս
«Սաղ թուրքեր էին կանգնած, սաղ թուրքեր էին …»,- Հակարի կամրջի մասին Գոհարիկի վերջին հիշողությունն է։ 
Անհանգստություննեը շատ էին. ադրբեջանական անցակետում բոլոր տղամարդկանց, բացի վարորդներից, ստիպում էին դուրս գալ մեքենաներից ու ոտքով քայլել։ Ոչ ոք չգիտեր՝ իրենց հարազատը կանցնի՞ կամուրջը, թե՞ ոչ։ 
Ընտանիքը հատկապես Դավիթ Ղահրամանյանի համար էր անհանգստանում, որովհետեւ նրա՝ Արցախում կատարվողի վավերագրությունը հատկապես հանգիստ չէր տալիս ադրբեջանցիներին։ 
«Քայլում էինք ու մտածում՝ վերջ, ինչ-որ տեղ են տանում»,- հիշում է Դավիթը։ 
«Ավտոմատի կոթով էլ մեջքից հրում էին՝ իբրեւ թե արագ շարժվեք։ Դրանից ստորացուցիչ պահ չեմ ապրել կյանքումս։ Գիտես, քո հողի վրա ես, բայց քեզ ասում են գնա, ուզում ես շրջվես խփես, հետո ընտանիքիդ մասին ես մտածում, ասում՝ մի քանի մետր մնաց»։ 
Հակարի կամուրջ անցնելուց հետո Լիդիան հիշում է հակասական հույզերը. 
«Ահավոր էր, որ գիտեինք՝ Արցախն ենք թողել, այլեւս ետ ճանապարհ չկա, բայց մյուս կողմից էլ ուզում էի հողը համբուրել, որ կարողացանք երեխաներին հանել այդտեղից։ 
Իսկ Հակարի կամրջից հետո մարդկանց բարությունն աննկարագրելի էր, երբեք չեմ մոռանա՝ ինչպես մեզ այստեղ դիմավորեցին։ Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել Մայր Հայաստանի ժողովրդին։ Հիմա շատ են արցախցի-հայաստանցի տարբեր խոսակցությունները, բայց փառք Աստծո, մեր ընտանիքին այնքան մեծ լավ մարդիկ հանդիպեցին, նրանց բոլորի շնորհիվ մենք նորից ոտքի կանգնեցինք»,- հուզմունքով ասում է Լիդիան: 
Առանցի դեմքի, բայց հազարավոր երեխաների մասին
Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի համար բռնի տեղահանվող ժողովրդին նայող աղջնակի նկարը կիսատ թողնված մանկություն ու անօգնականության մասին է։ 
«Երբ առաջին անգամ հրապարակեցի այս նկարը, վերնագրել էի՝ հետդարձի ճամփա չկա։ Նկարում դեմք չի երեւում, որովհետեւ նկարի երեխայի փոխարեն կարող էր լինել 30-40 հազար արցախցի երեխաներից յուրաքանչյուրը, կամ առհասարակ աշխարհի այլ վայրերում, պատերազմի ու բռնի տեղահանության միջով անցող ցանկացած երեխա»,-ասում է Դավիթը։ 
Նրա խոսքով՝ Արցախից հեռացումը փախուստ չէր, այլ փրկության։ Յուրաքանչյուրն իր երեխային էր փրկում. 
«Մեր տունը քաղաքի վերեւի հատվածում էր, պատերազմի դադարից հետո երբ տուն եկա, մութն ընկնելուց հետո տեսա, որ բոլոր բլուրների վրա ադրբեջանցիները կրակներ են վառել։ Մտածում էի՝ վաղը իմ երեխան բակում ո՞նց է խաղալու»,- հիշում է Դավիթը։ 
Նրա աշխատանքների մասին հաճախ են ասում՝ ինչ լավ լուսանկար է, սակայն այդ «լավ» բառը լուսանկարների բովանդակության հետ հակադրության մեջ է մտնում։ Դավիթը հույս ունի, որ մի օր իր մեծ տարածում ստացող լուսանկարները կլինեն ոչ թե կորստի, այլ այնպիսի խաղաղության մասին, որը չակերտների կարիք չունի։ 
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Leave a comment