ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը․ ստորագրումը կարող է կայանալ առաջիկա օրերին

Քաղաքականություն

13.06.2026 | 18:13

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հայտարարությամբ՝ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը, նրա խոսքով՝  խաղաղությունը «երբեք այսքան մոտ չի եղել, որքան հիմա»։

AFP գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմում 80-85 տոկոս հավանականություն են տեսնում, որ համաձայնագիրը կստորագրվի առաջիկա օրերին։ Reuters-ի աղբյուրների համաձայն՝ գործարքի ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն հունիսի 14-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 80-ամյակի օրը։ Որպես հնարավոր վայրեր նշվում են Պակիստանը կամ Շվեյցարիան։

Իրանական Mehr գործակալությունը հրապարակել է ԱՄՆ-ի և Իրանի միջև քննարկվող հուշագրի նախագիծը, որը բաղկացած է 14 կետից։ Դրանց թվում են ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը, Իրանի սահմաններին հարակից տարածքներից ամերիկյան զորքերի դուրսբերումը, իրանական նավահանգիստների շրջափակման վերացումը և 30 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնումը։

Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ միջուկային ծրագրի և ԱՄՆ պատժամիջոցների վերացման հարցերը նախատեսվում է քննարկել համաձայնագրի երկրորդ փուլում՝ 60-օրյա բանակցություններից հետո։

Leave a comment