Առաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալով
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Առաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալով, որից հետո կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը՝ արտահեղվող ջրահոսքերը տեղափոխելով ջրամբարից ներքև դեպի Քասախի գետահուն։
Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը՝ հղում անելով ՀՀ ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ից ստացված տեղեկատվությանը։
Նշվում է, որ ջրահոսքերի տևողությունն ու ծավալը պայմանավորված կլինեն Ապարանի ջրամբարից վերև գտնվող ջրհավաք ավազանի ձնհալքի և հնարավոր տեղումների ինտենսիվությամբ և ընթացքով։
«Ջրամբարից ներքև՝ մինչև Քասախի գետաբերան գետահունային հատվածից օգտվող ջրօգտագործողներին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նախօրեին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնել են, որ Ապարանի ջրամբարն արդեն 100%-ով լցվել է, իսկ Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2 սմ-ով։