Տեղեկանալով, որ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի անդամ (MBE), որոշեցի մի հատված ներկայացնել 2020 թվականի օգոստոսին Newmag-ի հրատարակած իմ Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը գրքից: Այն եւս կապված է պարգեւատրության հետ, որն իրականում կարող էր տեղի չունենալ, եթե չլիներ հոգատար մարդկանց ինձ օգնելու անկեղծ ցանկությունը:
Արա Թադեւոսյան
***
«2009 թվականի մարտի սկզբին որոշեցի նախագծի մասին պատմել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլին, որի հետ ծանոթ չէի: Հանդիպման համար պայմանավորվեցի քարտուղարի միջոցով, շարադրեցի նախագծի համառոտ նկարագրությունը և գնացի դեսպանատուն, որը գտնվում է Բաղրամյան 26-ի հարևանությամբ:
Դեսպանի հետ առաջին հանդիպումը լավ անցավ, չնայած ինձ թվաց, որ ավելի շատ տրամադրված էր քննարկել իմ լրագրողական գործունեությանն առնչվող որևէ բան: Չարլզը խոստացավ օգնել՝ ինչով կարող է:
Պարզվեց խոստումը պարզապես դիվանագիտական քաղաքավարություն չէր։ Դրանում համոզվեցի մի քանի շաբաթ անց: Չարլզն ուղեկցեց ինձ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի և Երևանում բրիտանական «BMI» ավիաընկերության ներկայացուցչության տնօրենների հետ հանդիպումներին, որոնց հետ պետք էր քննարկել հնարավոր զեղչերը կամ հատուկ գները`բյուջեի առաջին տարբերակը կազմելու համար: Այն փաստը, որ Չարլզը երկու հանդիպումներին էլ ինձ հետ եկավ, առանցքային նշանակություն ունեցավ։ Երկու ընկերությունների հետ հաջողվեց պայմանավորվել:
Ամառվա սկզբին Ջոն Դիի հետ արդեն հստակ գիտեինք, որ Երևան կժամանեն Իեն Գիլանը (Deep Purple), Թոնի Այոմին (Black Sabbath), Ջեֆ Դաունսը (Yes և Asia): Շարունակում էինք բանակցությունը Բրայան Մեյի (Queen) և Դեյվիդ Գիլմորի (Pink Floyd) հետ, բայց ոչինչ հստակ չէր: Այդ ժամանակ Վիգեն Սարգսյանի հետ արդեն պայմանավորվել էինք, որ բոլոր աստղերը պետական պարգևներ կստանան:
2009 թվականի հունիսի սկզբին Վիգենը զանգահարեց և ասաց, որ նախագիծը ներկայացրել է երկրի ղեկավարին:
– Լավ նորություն ունեմ. նախագահը հավանել է նախագիծը: Ավելին, որոշել է
երաժիշտներին պարգևատրել ոչ թե մեդալներով, այլ Պատվո շքանշաններով:
Այնքան էի ոգևորվել, որ առանձնապես չմտահոգվեցի, երբ զրույցի վերջում Վիգենն ասաց.
– Ճշտիր Չարլզից. եթե չեմ սխալվում, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին պարգևատրելու համար անհրաժեշտ է Լոնդոնի ֆորմալ համաձայնությունը:
Չարլզն ասաց, որ եթե պարգևատրվողները պետական ծառայողներ չեն, ապա համաձայնություն չի պահանջվում, բայց ամեն դեպքում կճշտի իր լոնդոնյան գործընկերներից: Մի քանի օր անց Չարլզը հայտնեց, որ համաձայնություն ամեն դեպքում անհրաժեշտ է, և խնդրեց պաշտոնական նամակ: Վիգենի հետ նամակը գրեցինք՝ հղում տալով նախագահի հրամանագրի նախագծին, որում նշվում էր, որ Ջոն Դին և երաժիշտները կպարգևատրվեն 1989 թվականին իրականացված «Rock Aid Armenia» նախագծի համար:
Նամակը Չարլզին ուղարկելուց հետո մոռացա դրա մասին, կարծելով, որ Լոնդոնում ինչ-որ մեկը կդնի մեր նամակը ինչ-որ թղթապանակի մեջ և վերջ:
Բայց մոտ 10 օրից զանգահարեց Չարլզը.
– Կարծես խնդիր ունենք։
Նրա խոսքին հատուկ նշանակություն չտալով, հարցրեցի.
– Ի՞նչ է պատահել:
– Լոնդոնից ինձ գրել են, որ պարգևատրվողները չեն կարող ընդունել շքանշանները:
– Ինչպես թե:
– Պարզվում է, կարգ կա, որի համաձայն թագուհու հպատակները չեն կարող օտարերկրյա պարգևներ ստանալ ավելի քան 10 տարվա վաղեմության գործերի համար:
-Չարլզ, հասկանում եք, չէ՞, որ նախագիծը կտապալվի: Մենք հյուրերին արդեն տեղեկացրել ենք, որ պարգևատրվելու են: Չենք կարող ասել. կներեք, չստացվեց:
– Այո, ամեն ինչ հասկանում եմ, բայց դա է կարգը: Գուցե պարգևատրեք մի
ուրիշ բանով՝ վկայականով, շնորհակալագրով:
– Ոչ, Չարլզ, անհնար է:
– Խոսի՛ր Վիգենի հետ, տեսեք, ինչ տարբերակ կա: Կփորձեմ օգնել՝ ինչով կարողանամ:
Վայր դրեցի խոսափողը։ Տարակուսած էի ու մոլորված։ Հասկանում էի, որ նախագծի իրականացումն իրականում մազից է կախված։ Ամիսներ տևած քրտնաջան աշխատանքը, որի շնորհիվ Գիլանը և Այոմին համաձայնեցին գալ Երևան` գրողի ծոցն էր գնում: Կարծում եմ, որ եթե այդ պահի հուսահատությունս այդքան ուժեղ չլիներ, կհանձնվեի: Բայց երբ ֆիզիկապես զզացի, թե ինչպես եմ կորցնում երազանքս ինչ-որ անհասկանալի անգլիական կարգի պատճառով, պայքարելու լրացուցիչ ուժ և մոտիվացիա ստացա: Հասկանում էի, որ վիճակը շատ բարդ է, շանս գրեթե չկա, բայց հոգու խորքում զգում էի, որ կարող եմ լուծում գտնել:
Առաջին միտքը Ջոն Դիին գրելն ու պատահածի մասին պատմելն էր: Հետո մտածեցի, որ այս պատմությունը կարող է խարխլել իմ հանդեպ Ջոնի վստահությունը: Որոշեցի, որ նրան վերջնական արդյունքը կհայտնեմ: Եթե ամեն ինչ ընթանա ամենավատ սցենարով, կատարվածի մասին պատմելն անխուսափելի կլինի: Իսկ եթե կարողանամ լուծում գտնել, կպատմեմ պոստֆակտում՝ որպես տհաճ մի երազի մասին:
Վիգենին վերապատմեցի Չարլզի հետ զրույցը և խնդրեցի ինձ որոշ ժամանակ տալ: Մեքենայի մեջ էի, լսում էի Գիլանի նոր ալբոմը՝ «One Eye to Morocco»-ն և մանտրայի պես կրկնում էի. «Չեմ կարող, չեմ կարող այսքան հեշտորեն կորցնել այն, ինչ համարյա իմ ձեռքում է»: Եվ հանկարծ մի միտք ծագեց:
Եթե խնդիրն այն է, որ հրամանագրի նախագծում նշված է որոշակի ժամկետ, ապա դրա մասին հիշատակումը պետք է հանվի: Ջոնին և երաժիշտներին պետք է պարգևատրել ոչ թե «Rock Aid Armenia»-ի, այլ երկար տարիներ Հայաստանին հետևողական աջակցություն ցուցաբերելու համար: 1989-ին ամեն ինչ ոչ թե ավարտվել է, այլ նոր է սկսել:
Այս միտքը գործի կեսն էր: Դեռ պետք էր Վիգենին խնդրել փոխել նախագահի հրամանագրի նախագիծը: Եվ եթե նույնիսկ ստացվեր, պարզ չէր՝ Չարլզը կկարողանա՞ր նոր տարբերակն «անցկացնել» Լոնդոնում: Բայց դե փորձը փորձանք չէ:
Չհամարձակվեցի զանգահարել Վիգենին և փոխարենը նամակ գրեցի:
«Իհարկե, գիտակցում եմ, որ նախագահի հրամանագրի նախագծի տեքստը փոխելու մասին խնդրանքս չափազանց համարձակ է: Բայց մենք այնքան ջանք ենք թափել այս նախագծի համար. միայն այսպես այն փրկելու շանս կունենանք»:
Վիգենը չպատասխանեց նամակիս: Նա պարզապես նոր տեքստ ուղարկեց Չարլզի համար՝ հրամանագրի նոր նախագծի հղումով: Մնում էր վերջին քայլը, որը պետք է կատարեր Չարլզը: Մի քանի օր անց նա զանգահարեց.
– Կարծես ստացվեց: Հավանաբար նա, ով զբաղվում է քո հարցով Լոնդոնում, ի սրտե
համակրում է նախագիծը:
Ուսերիցս ասես ծանր բեռ ընկավ: Հիմա է սա թվում ընթացիկ խնդիր-ընթացիկ լուծում։ Այն ժամանակ իսկապես մեծ պրոբլեմ էր, ու գրեթե անհնարին էր թվում, որ պետական պաշտոնյաները այդքան օպերատիվ կգտնվեն, պատրաստակամ ու ճկուն։ Բայց ստացվեց։ Ու դա հենց Վիգենի ու Չարլզի շնորհիվ։ Ես դա երբեք չեմ մոռանա»:
Արա Թադեւոսյան