Հունիսի 17–ին կբացվի Էդուարդ Խարազյանի «Maestro»-ն ցուցահանդեսը

Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 17–ին, ժամը 18։00-ին Ժամանակակից արվեստի թանգարանում (Մեսրոպ Մաշտոցի 7) կբացվի Էդուարդ Խարազյանի «Maestro»-ն ցուցահանդեսը:

Էդուարդ Խարազյանը կյանքից հեռացել է 2024 թվականի սեպտեմբերին: 
Ցուցահանդեսում կներկայացվեն հայ ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի այն աշխատանքները, որոնք պահվում են նրա արվեստանոցում: Դրանցից շատերը երբեւէ չեն ցուցադրվել:
Էդուարդ Խարազյանը ծնվել էր 1939 թվականին Թբիլիսիում։ 1957 թվականին տեղափոխվել էր Հայաստան եւ հաստատվել Երեւանում։ 1961-1966 թվականներին սովորել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1964-1984 թվականներին ձեւավորել է կինոնկարներ («Հայֆիլմ», «Մոսֆիլմ»), ներկայացումներ (Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)։ 1970-1975 թվականներին եղել է Երեւանի Գեղարվեստական դաստիարակության տան կերպարվեստի բաժնի վարիչ։ 1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ էր։ 1977 թվականից Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է գեղանկարչություն։ 1981-1988 թվականներին եղել է Մալյանի անվան թատրոն-ստուդիայի գլխավոր նկարիչ։ 
Էդուարդ Խարազյանի աշխատանքները գտնվում են Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի եւ արտերկրի բազմաթիվ պատկերասրահներում եւ մասնավոր հավաքածուներում։

Leave a comment