«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագիտական աղբյուրները չեն բացառում, որ Ռուսաստանը չճանաչի Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Մինչ այս պահը պաշտոնական Կրեմլից Փաշինյանին չեն շնորհավորել, ի տարբերություն արեւմտյան մի շարք երկրների առաջնորդների, որոնք, ընտրությունների արձանագրությունների թանաքը դեռ չչորացած, հանդես եկան շնորհավորական ուղերձներով։
Մոսկվայից նաեւ տարբեր գնահատականներ հնչեցին ընտրական խախտումների վերաբերյալ: Սակայն մեր աղբյուրն ասում է, որ ՌԴ իշխանությունը գուցե ընդունի ընտրությունների արդյունքներն ի գիտություն, առանց շնորհավորանքների, որով էլ իր վերաբերմունքը կդրսեւորի Փաշինյանի հակառուսական քաղաքականության նկատմամբ։
Ուշագրավ է, որ երեկ Փաշինյանը ջերմ շնորհավորական ուղերձ էր հղել ՌԴ նախագահին` Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ «Վստահ եմ, որ նախնիների աշխատանքային ձեռքբերումներն ու ռազմական սխրանքները, նրանց տոկունությունն ու անձնվիրությունը՝ հանուն հայրենիքի փառքի, միշտ վառ եւ ոգեշնչող օրինակ կծառայեն ինչպես մեզ, այնպես էլ ապագա սերունդներին»,- իր ուղերձում նշել է նա։
Ակնհայտ է, որ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ հարթի տարաձայնությունները եւ վերականգնի հարաբերությունները` գոնե տնտեսապես չտուժելու համար: Բայց թե ինչպես կպահի իրեն ՌԴ նախագահը, դժվար է ասել:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում