Բարսելոնան վերջնագիր է ներկայացրել Մադրիդի Ռեալի նախագահին

Այսօր՝ հունիսի 12-ին, կատալոնական «Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ, որով վերջնագիր է ներկայացրել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին։

Այս կոշտ դիրքորոշման պատճառ են դարձել Պերեսի վերջին հայտարարությունները կատալոնական ակումբի հասցեին։ Մասնավորապես, «արքայական» ակումբի նախագահը հիշեցրել էր 2023 թվականին «Բարսելոնայի» ղեկավարության դեմ առաջադրված կաշառակերության մեղադրանքները։ Հետաքննությամբ պարզվել էր, որ 2001-ից 2018 թվականների ընթացքում ակումբը մի քանի միլիոն եվրո է փոխանցել Իսպանիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային։ Այս համատեքստում Պերեսը հայտարարել էր, թե կատալոնացիների կոռուպցիոն գործողությունների պատճառով «Ռեալից» փաստացի «գողացվել» է չեմպիոնական յոթ տիտղոս։

««Բարսելոնան» տեղեկացնում է, որ այսօր ներկայացվել է նախադատական պարտադիր պահանջագիր, որն անհրաժեշտ է Իսպանիայի քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված զրպարտության հանցագործության հիմքով քրեական բողոք ներկայացնելուց առաջ։ Դիմումն ուղղված է «Ռեալ Մադրիդի» նախագահ պարոն Ֆլորենտինո Պերեսի դեմ՝ մայիսի 12-ի ասուլիսի և հաջորդ օրը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում արված հայտարարությունների կապակցությամբ»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Կատալոնական ակումբի նպատակն է հասնել նրան, որ Պերեսը հերքի այն պնդումները, որոնք արել է՝ նախապես իմանալով դրանց կեղծ լինելու մասին, և որոնք զրպարտիչ են ու վնասում են ակումբի հեղինակությանը։ «Բարսելոնայի» ղեկավարությունը զգուշացրել է, որ պահանջը չբավարարելու դեպքում համապատասխան քրեական բողոք կներկայացնի։

Իսպանիայի օրենսդրության համաձայն՝ ԶԼՄ-ների միջոցով հրապարակայնորեն տարածված զրպարտությունը պատժվում է 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկմամբ։ Այսպիսով, եթե կողմերը չգան հաշտության, «Բարսելոնան» իրավապահ մարմիններից պահանջելու է հետաքննել Պերեսի գործողությունները և պատասխանատվության ենթարկել 79-ամյա ֆունկցիոներին։

Armsport

Leave a comment