Խափանումները սկսվել են Խաղաղօվկիանոսյան ժամանակով մոտավորապես ժամը 06:45-ին (Մեծ Բրիտանիայի ժամանակով՝ 14:45-ին)․ անսարքությունների մասին հաղորդումներ են ստացվում ողջ աշխարհից
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Facebook-ի աշխատանքում լայնածավալ խափանում է տեղի ունեցել, որն ազդել է ինչպես հիմնական հավելվածի ու կայքի, այնպես էլ Facebook Messenger-ի վրա․ օգտատերերն ավտոմատ դուրս են նետվել իրենց հաշիվներից և չեն կարողանում նորից մուտք գործել։
Այս մասին հայտնում է Independent պարբերականը։
Ծառայություններից օգտվելու փորձի ժամանակ օգտատերերը տեսնում են սխալի մասին հաղորդագրություններ, ինչպիսիք են՝ «տեղի է ունեցել անսպասելի սխալ» (an unexpected error occurred) կամ «ինչ-որ բան այն չէ» (something went wrong), ինչը վկայում է այն մասին, որ ընկերությունն աշխատում է խնդրի կարգավորման ուղղությամբ։
Աղբյուրի դիտարկմամբ, թեև Meta-ի մյուս ծառայությունները, ինչպիսիք են Instagram-ն ու WhatsApp-ը, հիմնականում հասանելի են եղել, որոշ հաշիվներ, այդ թվում՝ Instagram-ի վեբ տարբերակը, նույնպես բախվել են համակարգային խնդիրների։
Խափանումները սկսվել են Խաղաղօվկիանոսյան ժամանակով մոտավորապես ժամը 06:45-ին (Մեծ Բրիտանիայի ժամանակով՝ 14:45-ին)․ անսարքությունների մասին հաղորդումներ են ստացվում ողջ աշխարհից։
Meta-ն չունի պաշտոնական կարգավիճակի (status) էջ իր սպառողական պրոդուկտների համար, իսկ ընկերության բիզնես գործիքների կարգավիճակի էջը չի թարմացվել՝ արտացոլելու համար ստեղծված համատարած խափանումը։