ԱԺ ընտրությունների քարոզարշավի մշտադիտարկման արդյունքների մասին այսօր մամուլի ասուլիս էր հրավիրվել, որի ժամանակ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները։ Նրա խոսքով՝ 1996 թվականից սկսած ԵՄԱ-ն բաց չի թողել որևէ համապետական ընտրություններ և այդ բոլոր տարիների ընթացքում իրականացրել է մոնիթորինգ, և հետևել, թե ինչպես դրանք լուսաբանվում լրատվամիջոցներում։
«Ցանկացած քաղաքականապես ակտիվ շրջան մեր երկրի կյանքում լուրջ, շատ դեպքերում՝ էական փոփոխություններ է մտցնում և մեդիա ոլորտի աշխատանքի վրա ազդեցություն թողնում։ Նոր իրողությունները, որոնք մտնում են մեր կյանք, ազդում են նաև ընտրությունների վրա, ինչ-որ տեղ ժամանակավրեպ են դարձնում շատ կարգավորումներ և շատ սկզբունքներ, որոնք պետք է ուղեկցեն ընտրությունները և ընտրությունների լուսաբանումը։ Մասնավորապես, երբեք մենք չենք ունեցել այնպիսի լայն օգտագործում տեխնոլոգիական հնարավորությունների, ինչպես այսօր, իսկ մենք ավանդաբար ուսումնասիրում ենք ավանդական լրատվամիջոցների գործունեությունը, այլ ոչ թե սոցիալական ցանցերի և այլ կարևոր աղբյուրների։
Նախորդ համապետական ընտրություններում չէր օգտագործվում արհեստական բանականությունը, այն դեպքում, որ այս ընտրությունների ժամանակ դա ակտիվ օգտագործվում էր և հիմա շատ դժվար է ասել՝ արդյո՞ք այդ նոր տեխնոլոգիական հնարավորությունների ազդեցությունը ընտրողի վրա ավելի մեծ էր, թե ավանդական լրատվամիջոցների։ Դա երևի առանձին ուսումնասիրության հարց է, բայց դա բնականաբար և՛ ավանդական լրատվամիջոցների կշիռն է նվազեցնում, և՛ դրանց գործունեության ուսումնասիրման կարևորությունը»։
Բորիս Նավասարդյանը, հասցեական անդրադառնալով կոնկրետ լրատվամիջոցների լուսաբանմանը, ընդգծեց՝ Հանրային հեռուստաընկերությունը, բացի կազմակերպած երեք բանավեճերից, ևս մեկ ազդեցիկ, քաղաքական ֆորմատ ունի՝ «Հարցազրույց է Պետրոս Ղազարյանի հետ», որը նույնպես եթերաժամանակ էր ապահովում քաղաքական ուժերի համար։ Ըստ բանախոսի՝ այստեղ տարբերակված մոտեցումներ են եղել։
«Այդ հարցազրույցների շարքում մենք ունեինք հարցազրույցներ թեկնածուների հետ կես ժամից պակաս տևողությամբ և հարցազրույցը՝ մեկ ու կես ժամ եթերով։ Այսինքն, երեք անգամ ավել եթերաժամանակ էր տրամադրվել մեկ քաղաքական ուժին՝ համեմատած այլ քաղաքական ուժ։ Հիմա կարևոր չէ, թե որն է այդ քաղաքական ուժը, անգամ եթե միտում այստեղ չկա, բայց ընտրողի վրա ազդեցության տեսակետից, բնականաբար, այդ երկու հաղորդումները տարբեր ազդեցություն են ունեցել և դա ինչ-որ տեղ խախտում է հավասարակշռությունը։
Մյուս օրինակը շատ սպեցիֆիկ է, և խոսքը գնում է «Շանթ» ՀԸ-ի մասին։ Այստեղ վերջին ամիսներին եթեր է դուրս գալիս նոր հաղորդում, որի վերնագիրն է «Երեկոն Շանթում»։ Բավականին հետաքրքիր և մեծ լսարան ունեցող հաղորդում է։ Նախընտրական քարոզչության 29 օրերի ընթացքում՝ մայիսի 8-ից մինչև հունիսի 5-ը, եղել է չորս հաղորդում, որից երկուսում եղել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և ևս երկուսում՝ նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներ։ Մնացած քաղաքական ուժերը այդ հաղորդման ընթացքում չեն հրավիրվել»։
Մանրամասները՝ տեսանյութում։