Ուկրաինան մտադիր է արևմտյան դաշնակիցներից ևս 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն խնդրել. Politico

Քաղաքականություն

12.06.2026 | 18:06

Ուկրաինան մտադիր է իր արևմտյան դաշնակիցներից լրացուցիչ 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն խնդրել, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային, գրում է Current time-ը։

Կիևը նախատեսում է համապատասխան դիմումը ներկայացնել հունիսի 18-ին՝ Ուկրաինայի պաշտպանության հարցերով Ռամշտայնի խմբի նիստում։ Պաշտոնյան նշել է, որ Ուկրաինային պատերազմը շարունակելու համար լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ՝ նշելով, որ Ռուսաստանն «արագ է արձագանքում և գիտի՝ ինչպես փոխվել»։

«Բոլորը տեսնում են, որ Ռուսաստանն այրվում է, և մենք ուզում ենք, որ այն ավելի շատ այրվի, բայց դրա համար մեզ ֆինանսավորում է անհրաժեշտ»,- ասել է նա։

Հաղորդվում է, որ այս հարցն արդեն քննարկվել է Ուկրաինայի ներկայացուցիչների և Նորվեգիայի, Շվեդիայի, Գերմանիայի և Կանադայի պաշտոնյաների միջև բանակցությունների ժամանակ։ Յուրաքանչյուր երկրի առաջարկվում է երկուսից վեց միլիարդ դոլարի ուղղակի օգնություն կամ վարկ։

Միջոցները նախատեսվում է օգտագործել օդային պաշտպանությունն ամրապնդելու, անօդաչու թռչող սարքեր, զինամթերք, ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգեր և հեռահար ճշգրիտ կառավարվող զենքեր գնելու համար։ Միջոցների մի մասը նախատեսված է նաև օգտագործել Ուկրաինայի պաշտպանական ձեռնարկություններին պատվերներ տալու և ՆԱՏՕ-ի մեխանիզմների միջոցով զենք գնելու համար։

Ուկրաինայի 2026 թվականի պաշտպանական բյուջեն կազմում է շուրջ 85 միլիարդ եվրո։ Արևմտյան դաշնակիցները նախկինում պարտավորվել էին Կիևին տրամադրել մոտավորապես 38 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։

Ռուսաստանը դեմ է Ուկրաինային արևմտյան զենքի հետագա մատակարարումներին և պնդում է, որ ռազմական օգնությունը չի ազդի պատերազմի արդյունքի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment