Հայաստանի Պատմության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում առաջին հայացքից թվում է, թե պատերին պարզապես լուսանկարներ են կախված։ Բայց բավական է մի քանի քայլ առաջ գնալ, եւ պարզ է դառնում՝ լուսանկարները ոչ թե պատմում են անցյալի մասին, այլ նայում են քեզ։
Մայիսի 27-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Արմինե Ջոհաննես. Հայաստանի անկախացման ակնթարթները» լուսանկարչական ցուցահանդեսը, որը համադրվել է թանգարանի հավաքածուի հետ։
Ցուցադրությունում ներկայացված են Արմինե Ջոհաննեսի լուսանկարները, որոնք արվել են 1980-ականների վերջին եւ 1990-ականների առաջին կեսին՝ Հայաստանի տարբեր շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղում՝ վավերագրելով անկախացման տարիների մարդկանց, առօրյան ու պատմական շրջադարձերը։
Մի պատից աչքերիդ է նայում տարազով սյունեցի տատիկը։ Նրա ձեռքում որսորդական հրացան է։ Նա 105 տարեկան էր, երբ Արմինե Ջոհաննեսը լուսանկարեց նրան։
Մյուս պատին՝ երեխաներ են, որոնք ժպտում են «մութ ու ցուրտ տարիների» ֆոնին։ Մի քիչ այն կողմ՝ փախստականներ, զինվորներ, հովիվներ, պատերազմի սպասման մեջ քարացած դեմքեր։
Սրահի վերջում այլ պատկեր է. Հանրապետության անկախության հանրաքվեի «Այո» եւ «Ոչ» թերթիկները։ Այստեղ է նաեւ Անկախության հռչակագիրը։
Թանգարանը լուսանկարները բաժանել է չորս թեմատիկ հատվածների՝ երկրաշարժ, պատերազմ, մանկություն եւ առօրյա կյանք։
«Մենք ուզում էինք, որ այցելուները ոչ միայն նայեն լուսանկարներին, այլ ճանապարհորդեն այդ ժամանակաշրջանով», – ասում է թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
Ճանապարհորդությունն առանձնահատուկ է, քանի որ ներկայացվում է ոչ թե առաջնորդների, այլ հասարակ մարդկանց միջոցով։ Հովիվներ Լոռու լեռներում։ Տարազով կանայք Սյունիքում։ Բաքվից եւ Սումգայիթից տեղահանված ընտանիքներ։ Երեխաներ, որոնք խաղում են մութ տարիների իրականության մեջ։
«1980-ականների վերջը եւ 1990-ականների սկիզբը, երբ Հայաստանը բռնել էր անկախացման ուղին, բեկումնային ժամանակաշրջան էր, մեր ժողովուրդը կարողացավ հաղթահարել բազմաթիվ խնդիրներ եւ կերտեց մեր նորօրյա անկախ շրջանը», – ասում է Դավիթ Պողոսյանը։
Արմինե Ջոհաննեսը առաջին տեսախցիկը ստացել է 12 տարեկանում։ Սկզբում լուսանկարում էր ընտանիքի անդամներին։ Պրոֆեսիոնալ լուսանկարիչ է դարձել 1986 թվականին։
Հայաստան գալու որոշումը ծնվել էր 1988-ի երկրաշարժից հետո. ցանկանում էր անմիջապես գալ, բայց չէր կարողացել։ Մեկ տարի անց, 1989 թվականին, վերջապես հասել էր Հայաստան։
«Այն ժամանակ դրսից այդքան մարդ չէր գալիս, ու մարդիկ շատ բաց էին։ Ինձ ասում էին՝ «ինձ էլ նկարի» », – հիշում է նա։
Այցը պետք է լիներ հերթական ռեպորտաժը, բայց դարձավ կապվածություն ամբողջ կյանքի համար։
«Սիրահարվեցի Հայաստանին ու անընդհատ գալիս է», – անկեղծանում է Արմինեն։
Երբ առաջին անգամ եկավ, երկրաշարժից տուժած շրջաններ վերքերը դեռ բաց էին։ Նա մտնում էր ժամանակավոր տնակներ, հիվանդանոցներ, մարդկանց տներ։ Փնտրում էր ոչ թե աղետը, այլ մարդկանց։
«Այս լուսանկարի երեխաները ծնվել էին երկրաշարժից ուղիղ մեկ տարի անց։ Այդ լուսանկարը ինձ համար խորհրդանիշ էր. այո, շատ մարդիկ էին մահացել, բայց կյանքը շարունակվում էր, նոր երեխաներ էին ծնվում», – ասում է Արմինեն։
Պատմածներից պարզ է դառնում, որ ինքը երբեք չի գնացել հատուկ կադրի հետեւից։ Քայլում էր մարդկանց հետ, մնում նրանց տներում, քնում նրանց մահճակալներում, ուտում նրանց սեղաններից։ Եվ սպասում, մինչեւ պատմությունը տեղի ունենա իր աչքերի առաջ։
Այսօր Արմինե Ջոհաննեսի լուսանկարներն ասես պատմական փաստաթղթեր լինեն, թեեւ դրանց ստեղծման պահին ոչ ինքը, ոչ էլ հերոսները չէին մտածում պատմություն պահպանելու մասին։
«Ինձ միայն այդ պահն էր հետաքրքրում»,- ասում է նա։ Այդ «պահերի» մեջ հայտնվել է ամբողջ մի երկիր։ Նա եղել է Գետաշենում, Շահումյանում, Արցախում, Սյունիքում, երբ ճանապարհները փակ էին, վառելիք գրեթե չկար, իսկ պատերազմը նոր էր սկսվում։
Ղարաբաղ հասնելու համար օգնության էր դիմել ՀՀՇ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Վերջինս սկզբում փորձել էր հետ պահել երիտասարդ լուսանկարչին։ Վտանգավոր էր։ Բայց Ջոհաննեսը համառել էր։ Վերջիվերջո հասել էր առաջնագիծ։
Այսօր այդ պատմությունները գրեթե արկածային հնչողություն ունեն։ Նա հիշում է, թե ինչպես էր մի փոքրիկ սենյակում նույն մահճակալը կիսում մարտիկների հետ։
Ինչպես էր հարցնում, թե որտեղ է զուգարանը, եւ ի պատասխան լսում՝ «զուգարան չկա»։ Ինչպես էին տղաները ծիծաղում արկերի ձայների տակ։
Դավիթ Պողոսյանն ասում է, որ ցուցահանդեսի ամենազորեղ հատվածներից մեկը երեխաների լուսանկարներն են։ Նրանց դեմքերին կա մի բան, որը չի տեղավորվում 1990-ականների մութ իրականության մեջ։ Երազանք։ Հույս։ Ապագայի սպասում։
Նրանք անկախության սերունդն են։ Նրանք մեծացել են ցրտի, էներգետիկ ճգնաժամի, պատերազմի ու վերափոխումների միջով։ Ցուցահանդեսը միայն անցյալի մասին չէ, այլեւ՝ ներկայի, այն մարդկանց մասին, որոնք քայլում են նույն հրապարակով, որտեղ երբեմն դեռ զգացվում է Լենինի ստվերը։
«Լուսանկարում պատկերված չէ Լենինի արձանը, այլ միայն նրա ստվերը։ Այսօր, երբ նայում ես այդ կադրին, թվում է՝ Խորհրդային Միությունն արդեն հեռանում էր, բայց ստվերը դեռ մնացել էր։ Կարծես այդ ստվերին մենք մինչ օրս էլ երբեմն բախվում ենք», – ասում է Դավիթ Պողոսյանը։
Ցուցահանդեսի վերջին հատվածում այցելուն հասնում է Անկախության հռչակագրին։ Սակայն պատմությունը դրանով չի ավարտվում։ Դավիթ Պողոսյանը նկատում է, որ անկախությունը մեկ օրվա իրադարձություն չէ, տասնամյակներ ձգվող գործընթաց է։ Լուսանկարներն այդ ճանապարհի առաջին էջերից են։
Ցուցահանդեսը հիշեցնում է՝ անկախությունը նախ մարդկանց պատմությունն էր, հետո միայն՝ պետականությունը։ «Դոմիկներում» ապրող, պատերազմի ճանապարհող, մթության մեջ երեխաներ մեծացնող մարդիկ շարունակում էին երազել։
Երեք տասնամյակ անց այդ երազանքները դեռ նայում են մեզ Արմինե Ջոհաննեսի լուսանկարներից՝ հարցնելով, թե ինչ ենք պահպանել ու ինչ ենք կորցրել այդ ճանապարհին։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի