Սուպերմոդել Քեյթ Մոսի լուսանկարը, որն արվել է 2009 թվականին, շատ է քննարկվել։ Ամենատարածված վարկածն այն է, թե Քեյթ Մոսը պատկերված է ուշ գիշերը որեւէ ակումբում, ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ։
Լուսանկարի հեղինակ Գրեգ Բրենանը The Guardian-ին պատմել է իրական պատմությունը։
«Քեյթ Մոսին շատ եմ նկարել։ Առաջին անգամ, հավանաբար, 1990 թվականին, երբ նա հանդիպում էր Ջոնի Դեփի հետ։
2009 թվականին՝ Քեյթ Մոսի 33-ամյակի նախօրեին, ինձ առաջարկեցին նկարահանել նրա ծննդյան խնջույքը Լոնդոնի Dorchester հյուրանոցում։ Հետո զանգահարեցին ու ասացին, որ նա ցերեկային ներկայացման է Donmar Warehouse թատրոնում. «Կարո՞ղ ես գնալ այնտեղ եւ նկարել, թե ինչպես է դուրս գալիս, որպեսզի գնա ծննդյան խնջույքին»։
Երբ տեղ հասա, թատրոնի մոտ շուրջ 200 մարդ էր հավաքված՝ լուսանկարիչներ, հեռուստատեսության աշխատակիցներ, երկրպագուներ։ Հասկացա, որ այնտեղ հաջող կադր չեմ ստանա՝ պետք է միանգամից խնջույքի վայր գնալ։ Հետո որոշեցի անցնել թատրոնի ծառայողական մուտքի մոտով։ Ժամանակին այստեղ նկարել էի Նիկոլ Քիդմանին. երբ խաղում էր The Blue Room ներկայացման մեջ, հենց այդտեղից էր դուրս գալիս։
Մոտեցա. դուռը բաց էր, Մոսը նստած էր աստիճաններին։ Նայեց ինձ ու ճանաչեց։ Սկսեցի նկարել, նա ոչ մի կերպ չարձագանքեց։ Երբ արդեն դուրս էր գալիս, մյուս լուսանկարիչներն էլ սկսեցին մոտենալ, բայց արդեն ուշ էր. Քեյթը նստեց մեքենան ու մեկնեց Dorchester:
Գնացի տուն, վեց կադր մշակեցի, ուղարկեցի տարբեր խմբագրություններ ու պառկեցի քնելու։ Առավոտյան զարմանքով տեսա, որ լուսանկարը առաջին էջերին է։
Շատերը կարծեցին, թե նա հարբած է, կամ որ նկարն արվել է ուշ գիշերը՝ դեղին մամուլը սիրում է նման պատմություններ:
Լուսանկարը մինչ օրս հայտնի է մնում։ Մի օր հանդիպեցի Vogue-ի լուսանկարիչներից մեկին, որը պատմեց, որ փորձել է կրկնել այդ կերպարն իր ստուդիայում, բայց ոչինչ չի ստացվել։
Ու թեեւ հենց այս կադրը հայտնի դարձավ, ինձ ավելի դուր է եկել այն մեկը, որտեղ Քեյթն ինձ ընդառաջ է գալիս։
Արդեն 37 տարի է նկարում եմ աստղերին, եւ կարող եմ ասել, որ ինդուստրիան խիստ փոխվել է։ 90-ականներին ինձ դուր էր գալիս աշխատել գիշերները, ինքնուրույն հայտածել ու տպել լուսանկարները եւ առավոտյան ժամը 6-ին տանել խմբագրություններ։
Սոցիալական ցանցերը շատ բան փոխեցին։ Հիմա աստղերի համար շատ ավելի հեշտ է ինքնուրույն գովազդել իրենց, իսկ 90-ականներին նրանց սոցցանցը մենք էինք՝ լուսանկարիչներս»։
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: