Ավինյանը Երևանը համեմատել է «կափարիչի տակ դրված կաթսայի» հետ

Տիգրան Ավինյանն օդի աղտոտվածության խնդրի համատեքստում Երևանը համեմատել է «կափարիչի տակ դրված կաթսայի» հետ՝ միաժամանակ վստահեցնելով, որ Երևանում օդի որակն այս պահին լավ է


ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն օդի աղտոտվածության խնդրի համատեքստում Երևանը համեմատել է «կափարիչի տակ դրված կաթսայի» հետ՝ միաժամանակ վստահեցնելով, որ Երևանում օդի որակն այս պահին լավ է:

«Պատկերացրեք, որ մենք բոլորս մի մեծ կաթսայի մեջ ենք։ Այս մեծ կաթսան ունի կափարիչ, որը մթնոլորտային շերտն է։ Այս մթնոլորտային շերտը հիմա մոտավորապես 1200 մետր բարձրության վրա է։ Նոյեմբեր ամսին, կլիմայական պայմանների փոփոխությանը զուգահեռ, մթնոլորտային շերտը 1200 մետրից իջնում է 80 մետրի, ու այն աղտոտիչները, որ կային 1200 մետրի վրա, խտանում են այս 80 մետրի մեջ։ Այս բնակլիմայական երևույթի վրա մենք որևէ ազդեցություն չուենենք և չենք կարող ունենալ», – ասաց Ավինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։

Նշելով, որ այս պահին իրավիճակը լավ է, քաղաքապետն ասաց, որ Երևանը, Վեդին, Արտաշատը և Արարատյան դաշտի բոլոր տարածքները, այդ թվում՝ Թուրքիայի տարածքում գտնվողները, նոյեմբերից սկսած բախվում են այս խնդրին:

Նրա խոսքով՝ իրավիճակը կարելի է մեղմել, մասնավորապես՝ լուծելով ավտոմեքենաների աղտոտման և երթևեկության խցանումների հետ կապված խնդիրները, սակայն նոյեմբերին իրավիճակի լիարժեք բարելավում ակնկալել չի կարելի:

«Մենք պետք է ընդամենը հասկանանք մեր տարածաշրջանը։ Երևան քաղաքը չենք կարող ֆիզիկապես «գրկել» և տանել այլ հատված», – ասաց Ավինյանը։

Ավելի վաղ քաղաքապետը նշել էր, որ Երևանում օդի աղտոտվածության խնդիրն ամբողջությամբ լուծելն անհնար է՝ քաղաքային իշխանությունների վերահսկողությունից դուրս գործոնների պատճառով: Նրա խոսքով՝ օդի որակը մեծապես կախված է տարվա ցուրտ ժամանակահատվածում մթնոլորտային շերտի իջեցումից, ինչպես նաև հարևան երկրներից արտանետումներից:

Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանն անցյալ տարի «Նովոստի-Արմենիայի» հետ զրույցում ասել էր, որ Երևանում օդի որակի հետ կապված իրավիճակը գնալով վատանում է

Էկոլոգի խոսքով՝ առավել խոցելի խմբերն են երեխաները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ (հատկապես շնչառական համակարգի) և ալերգիա ունեցողները: Նա հիշեցրեց, որ միակ ֆիլտրը, որը պաշտպանում է օդը աղտոտվածությունից, ծառերն են, որոնք հատվում են ամբողջ Երևանում։

Leave a comment