«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին


Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 11-ին այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:


Արամ Ղազարյանը «Հայկական ատոմային էլեկտրակայանի» գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել է ատոմակայանի տարածքում, ծանոթացել ջոկատի ծառայության կազմակերպման ընթացքին, անձնակազմի աշխատանքային պայմաններին, ինչպես նաև ձեռք բերված նոր հրշեջ-փրկարարական տեխնիկային և սարքավորումներին։


ՓԾ տնօրենը, բարձր գնահատելով ծառայողների մասնագիտական պատրաստվածությունն ու պատասխանատու աշխատանքը, ընդգծել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայանի» անվտանգ շահագործման գործում հրշեջ-փրկարարների դերը բացառիկ նշանակություն ունի։ Նա շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության, կարգապահության և իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ կատարման համար։


Արամ Ղազարյանն անդրադարձել է նաև ծառայողների մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործման և ատեստավորման գործընթացին՝ նշելով, որ այն կարևոր նախապայման է փրկարարների սոցիալական երաշխիքների բարելավման համար։


Նա կարևորել է մասնագիտական ու ֆիզիկական պատրաստվածության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ծառայող պետք է մշտապես աշխատի սեփական կարողությունների կատարելագործման ուղղությամբ և պատրաստ լինի ստանձնելու ավելի պատասխանատու պաշտոններ։


ՓԾ տնօրենը նշել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում՝ հաշվի առնելով պահպանվող օբյեկտի ռազմավարական նշանակությունը։


Այցի շրջանակում փորձարկվել են նաև «Հայկական ատոմային էլեկտրակայանի» հատուկ նշանակության մեքենաները։

Ստուգվել են նոր ձեռք բերված տեխնիկայի հնարավորությունները, շահագործման պատրաստվածությունը և արտակարգ իրավիճակների դեպքում կիրառման արդյունավետությունը։


ՓԾ տնօրենը վստահություն է հայտնել, որ ժամանակակից տեխնիկայով համալրումը կնպաստի ծառայության օպերատիվ կարողությունների ընդլայնմանը, հրշեջ-փրկարարական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և ռազմավարական նշանակության օբյեկտների անվտանգության առավել հուսալի ապահովմանը։

Leave a comment