«Հրապարակ» թերթը գրում է.
ՔՊ-ում սրտատրոփ սպասում են կիրակի օրվան, երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնարդյունքները, եւ դրանից հետո միայն Նիկոլ Փաշինյանը կադրային որոշումներ կկայացնի։ Խոսում են, որ առաջնորդվելու է ընտրությունների արդյունքներով․ այն պաշտոնյաներն ու կուսակիցները, որոնք չեն արդարացրել իր սպասելիքները եւ ՔՊ-ի համար բարձր տոկոսներ «չեն խփել», պաշտոնանկ կարվեն կամ նոր պաշտոն չեն ստանա։
Հատկապես անհանգիստ են մարզպետները, որոնք ի պաշտոնե մարզային շտաբների ղեկավարներն էին եւ իրենց տարածքներում գրանցված արդյունքների գլխավոր պատասխանատուներն են համարվում:
Հիմա նրանց՝ պաշտոնում մնալ-չմնալու հարցը կախված է ՔՊ-ի թվերից։ ՔՊ-ում հատկապես դժգոհ են Լոռվա եւ Շիրակի թվերից։ «Դեմոկրատ» Փաշինյանը որոշել է ոչ միայն մարդկանց ազատ կամարտահայտության վրա ազդել, այլեւ վարչական լծակները բավարար չափով չկիրառած եւ ընտրողներին տեռորի չենթարկած պաշտոնյաներին պատժել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մասիսում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների և հղի կնոջ նկատմամբ բռնության աղմկահարույց դեպքից անցել է արդեն 10 օր, սակայն նախաքննական մարմինը դեռևս չի շտապում մեղադրյալների հարցում։
Մեզ հայտնի է դարձել, որ Քննչական կոմիտե են հրավիրվել և հարցաքննվել ԵԿՄ Մասիսի մասնաճյուղի նախագահ Արսեն Հարությունյանը, ինչպես նաև միջադեպի մյուս մասնակիցները։ Այնուամենայնիվ, նախաքննական մարմինը, ըստ ամենայնի, կասկածելի դանդաղկոտություն է ցուցաբերում գործի քննության ընթացքում։
2026 թվականի հունիսի 2-ին Մասիս համայնքում մի խումբ անձինք խոչընդոտել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը։ Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք հարվածներ հասցնում և քաշքշում քաղաքական ուժի ներկայացուցիչներին։ Հարվածների է ենթարկվել նաև հղի կին։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է երեք հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության (ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), խուլիգանության (297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու (211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) հատկանիշներով։
Միջադեպի կիզակետում է եղել ԵԿՄ Մասիսի մասնաճյուղի նախագահ Արսեն Հարությունյանը։
Նշենք, որ Արսեն Հարությունյանը, անդրադառնալով տեսանյութին, որտեղ, ըստ հրապարակումների, երևում է, որ ինքն էլ է մասնակցում միջադեպին, իսկ առնվազն երկու անձ ստացել են մարմնական վնասվածքներ և դիմել հիվանդանոց, հայտարարել էր.
«Կան իրավապահ մարմիններ, թող զբաղվեն, ով է սադրել։ Ինչո՞ւ պիտի մեր մեքենայի ճանապարհը փակեն, ինչո՞ւ պիտի գան, մտնեն մեր մեքենայի մեջ, ինչ-որ բաներ պահանջեն, ասեն՝ պատասխան եք տալու այսինչի, այնինչի համար, մեզ թուրք անվանեն։ Ինչի՞ համար։ Մենք այդպես չենք ապրել մեր կյանքը։ Հիմա էլ ենք ապրում հանգիստ ու խաղաղ։ Ես ոչ մեկին չեմ հարվածել և չեմ էլ պատրաստվել հարվածել։ Ձեզ երդվում եմ։ Հնարավոր է՝ պարզապես հրած լինեմ, որպեսզի նստի մեքենան»»։
«Հրապարակ» թերթը գրում է.
Մեր տեղեկություններով, ՔԿՀ-ներից մեկում ընտրությունների գիշերը ծեծի են ենթարկել կալանավորներին։ Եթե հիշում եք` առաջին տեղեկությունը ստացվեց կալանավայրերից, եւ պարզվեց, որ ՔՊ-ն մեծ թվերով պարտվել է ընդդիմությանը: Այն պահից, երբ լուրեր են տարածվել, որ «Քաղպայմանագիրը» հաղթանակ է տանում, խցերից սկսել են վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ հնչեցնել իշխող ուժի եւ Փաշինյանի հասցեին։ Դրանից ժամեր անց բանտի օպերներն անսպասելի մտել եւ ջարդել են ըմբոստացած բանտարկյալներին։
Նշենք, որ գրեթե բոլոր ՔԿՀ-ներում ՔՊ-ն իր արդյունքներով զիջել է ընդդիմադիրներին։