Մանդատ չվերցնելը ընդդիմության համար ճիշտ լուծում կլինի, աշխարհը թող տեսնի, որ սա լեգիտիմ խորհրդարան չէ. Մանե Թանդիլյան

Մանդատ չվերցնելը ընդդիմության համար ճիշտ լուծում կլինի, աշխարհը թող տեսնի, որ սա լեգիտիմ խորհրդարան չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

«Այս ընտրությունները ազատ ու արդար համարել ուղղակի հնարավոր չէ, այս ընտրությամբ ձևավորված Կառավարությունը նույնպես լեգիտիմ չունի, որովհետև փաստացի մեծամասնություն չի ներկայացնում: Այս առումով ես կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերը պետք է խորհրդակցություններ սկսեն, թե ինչպես են կանգնեցնելու և իրացնելու քաղաքական ճգնաժամի պատկերը, որովհետև երկրում փաստացի քաղաքական ճգնաժամ է, ու եթե ազգային ժողովը շարունակի իր բնականոն գործունեությունը, կարող է կարծիք ստեղծվել, թե ամեն ինչ նորմալ է:

Կարծում եմ, որ ընդդիմությունը դեռ սպասում է խորհրդարան անցած ուժերին ու հաշվարկին, շաբաթ օրը հավանաբար համատեղ քննարկումներ  կունենան, հուսով եմ՝ այնպիսի որոշման պետք է գալ, որը կարձանագրի քաղաքական ճնշումները։ Կարծում եմ, որ այս փուլում մանդատ չվերցնելը ճիշտ լուծում է: Իմ անձնական կարծիքով՝ պետք է ցույց տալ աշխարհին, որ սա լեգիտիմ խորհրդարան չէ, հասկանում եմ, որ նրանք կարող են իրավական առումով վերցնել իրենց մանդատները և գնալ աշխատանքի ու անել այլ բաներ, օրինակ՝ օրենք փոխել, Սահմանադրական դատարան դիմել, ընտրական օրենսգրքում փոփոխություն անել, բայց ուղղակի վերցնել մանդատները, գնալ, շարունակել աշխատել, կարծում եմ, որ ստեղծված իրավիճակի համար լավագույն լուծումը չէ»,- նշել է Թանդիլյանը:

Leave a comment