Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հայտարարել է 2026 թվականի հունիսի 12-ից Հայաստանից ծագող և առաքվող ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրման, ինչպես նաև ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ այլ պետություններ դրանց տարանցման լիակատար սահմանափակման մասին։
Ըստ գերատեսչության՝ արգելքը կգործի այնքան ժամանակ, մինչև հայկական կողմի հետ չմշակվի առաքվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման կոնկրետ ալգորիթմ։
Արգելքի պատճառը. Կապրային բզեզի հայտնաբերում և համակարգված խախտումներ
«Ռոսսելխոզնադզորի» պաշտոնական հայտարարության համաձայն՝ կտրուկ միջոցներին դիմելու պատճառը հայկական արտադրանքում կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերումն է։ Ռուսական կողմը պնդում է, որ ընթացիկ տարվա մայիսից փուլ առ փուլ սահմանափակել է առանձին ապրանքատեսակների ներկրումն ու բազմիցս զգուշացրել Երևանին, սակայն խախտումները շարունակվել են:
«Հունիսին հայտնաբերվել է Հայաստանից ստացված ընկույզի, չորացրած դեղձի և չորացրած լոլիկի մեջ կապրային բզեզով վարակման 3 դեպք։ Նշվածը վկայում է Հայաստանի լիազոր մարմնի կողմից անբավարար վերահսկողության մասին և անվստահություն է առաջացնում բուսասանիտարական հավաստագրման համակարգի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմի ձևակերպմամբ՝ Հայաստանի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայության անարդյունավետությունը վտանգի տակ է դնում Ռուսաստանի և ԵԱՏՄ բուսասանիտարական բարեկեցությունը։
Ինչո՞վ է վտանգավոր կապրային բզեզը
Կապրային բզեզը (Trogoderma granarium) պաշարների վտանգավոր բազմակեր վնասատու է, որը ներկայումս բացակայում է Ռուսաստանի տարածքում։ Այն մեծ արագությամբ վնասում է հացահատիկային, յուղատու, ընդավոր, տեխնիկական մշակաբույսերի հատիկները, չրեղենը, ինչպես նաև դրանց վերամշակման արտադրանքը։ Վնասատուն կարող է վարակել պահեստները, տրանսպորտային միջոցները, ջրաղացները, համակցված կերերի գործարաններն ու հրուշակեղենի ֆաբրիկաները։
«Ռոսսելխոզնադզորն» ընդգծում է, որ այս միջատն ունակ է ոչնչացնել պահվող արտադրանքի մինչև 70%-ը։ Ռուսաստանի համար հնարավոր տնտեսական վնասը կարող է արտահայտվել ոչ միայն բերքի կորստով կամ օջախների վերացման ծախսերով, այլև արտահանման այն շուկաների կորստով, որտեղ այս վնասատուն համարվում է արգելված կարանտինային օբյեկտ։