ԵԿԲ-ն բարձրացրել է հիմնական տոկոսադրույքները

ԵԿԲ-ն հունիսյան նիստի արդյունքներով 25 տոկոսային կետով բարձրացրել է իր երեք հիմնական տոկոսադրույքները։

Կարգավորիչի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ ավանդների տոկոսադրույքն այժմ կազմում է 2.25%, հիմնական վերաֆինանսավորման գործառնությունների տոկոսադրույքը՝ 2.4%, մարժինալ վարկավորման տոկոսադրույքը՝ 2.65%

Որոշումը լիովին համընկել է վերլուծաբանների և ֆինանսական շուկաների սպասումների հետ։ Սա ԵԿԲ-ի կողմից տոկոսադրույքների առաջին բարձրացումն է՝ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր։

ԵԿԲ-ն նշել է, որ Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը լրացուցիչ գնաճային ճնշում է ստեղծում։

«Մերձավոր Արևելքի պատերազմը նպաստում է գնաճի ցուցանիշի աճին, և տոկոսադրույքների բարձրացման որոշումը լիովին համապատասխանում է այն տարբեր սցենարներին, որոնցով այս շոկը կարող է ազդել եվրագոտու միջնաժամկետ կանխատեսումների վրա», – ասվում է կարգավորիչի հայտարարությունում։

Կենտրոնական բանկը նաև ընդգծել է, որ մակրոտնտեսական կանխատեսումների շուրջ անորոշությունը շարունակում է բարձր մնալ։ Միաժամանակ առկա են գնաճի աճի ու տնտեսական աճի դանդաղման ռիսկեր։

ԵԿԲ-ի գնահատմամբ՝ պատերազմի վերջնական ազդեցությունը գնաճի և տնտեսական աճի վրա կախված կլինի էներգակիրների շուկայում շոկի ուժգնությունից և տևողությունից, ինչպես նաև դրա անուղղակի հետևանքներից։

Կառավարիչների խորհուրդը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում ճշգրտել իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքները՝ միջնաժամկետ հեռանկարում գնաճը նպատակային 2% մակարդակում կայունացնելու համար։

ԵԿԲ-ն նաև հայտնել է, որ շարունակում է աստիճանաբար կրճատել իր ակտիվների պորտֆելը, որը ձևավորվել էր ակտիվների գնման ծրագրերի՝ PEPP և APP շրջանակներում։ Կարգավորիչն այլևս չի վերաներդնում այդ ծրագրերից ստացվող մարումները, ինչի արդյունքում պորտֆելը կրճատվում է կանխատեսելի տեմպերով։

Շուկաները հանգիստ են արձագանքել որոշմանը։

Տոկոսադրույքների բարձրացումը ցույց է տալիս, որ ԵԿԲ-ն ներկայումս առաջնահերթություն է տալիս գնաճի վերահսկմանը՝ նույնիսկ այն պայմաններում, երբ եվրոգոտու տնտեսական աճի հեռանկարները շարունակում են մնալ անորոշ։

Leave a comment