Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ նախարարությունում բարեփոխումները շարունակվում են։
«Ես ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ ընտրական թոհուբոհի ընթացքում մենք մի կարևոր որոշում ենք ընդունել, որը կարող է մեծ նշանակություն ունենալ պատերազմի մասնակից մեր շատ տղաների համար», – ասել է ՊՆ նախարարը։
Նրա խոսքով՝ այս փոփոխությունների և լրացումների արդյունքում հնարավորություն է ընձեռվել մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում ծանր վնասվածքներ ու վիրավորումներ ստացած և զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողներին ապաքինման և ֆունկցիոնալության որոշակի վերականգնման պարագայում կրկին դիմել՝ պայմանագրային զինծառայության մեջ ներգրավվելու համար։
«Իհարկե, այստեղ կունենանք որոշակի հիվանդությունների մասով բացառություններ, որոնք անհամատեղելի են ծառայության հետ, բայց մեր եղբայրների հիմնական մասը կարող է և հնարավորություն ունի ներգրավվելու ծառայության մեջ։ Իրավակարգավորումը նաև նրա մասին է, որ վերջնական որոշումն ընդունում է գերատեսչության ղեկավարը, և կարող եք վստահ լինել նաև դրա օբյեկտիվության հարցում», – շեշտել է Սուրեն Պապիկյանը։