Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանի բացումը առևտուրը կհասցնի 1 մլրդ դոլարի. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Հիմա երկրների միջև առևտուրը գնահատվում է 300-350 մլն դոլար, և այն իրականացվում է Վրաստանի տարածքով:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանի բացումը առևտուրը կավելացնի մինչև 1 մլրդ դոլար։ Նման գնահատականներ է ներկայացրել թուրքական «Yeni Şafak» թերթը։

Սկզբում նախատեսվում է բացել Ալիջանի սահմանային անցակետը, նախատեսվում է, որ դա պետք է տեղի ունենա ամռանը։

Աշխատանքներ են տարվում նաև Կարսի կողմից Աքյաքա սահմանային անցման բացման ուղղությամբ։

Այս սահմանային անցումների ակտիվացմամբ ակնկալվում է իրականացնել երկու երկրների միջև տրանսպորտային և առևտրային ցանցի վերակառուցում:

Մասնավորապես առևտուրն իրականացվելու է ուղղակիորեն, այլ ոչ թե Վրաստանի միջոցով։

«Այժմ առևտրաշրջանառությունը գնահատվում է 300-350 մլն դոլար, առևտուրը կենտրոնացած է տեքստիլ, քիմիական արտադրանքի, սննդամթերքի և չմշակված թանկարժեք մետաղների վրա»,- նշում է պարբերականը:

Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի դեկտեմբերի սկզբին ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ Նշվում էր, որ հայկական կողմը դրական ազդակներ է ակնկալում Անկարայից երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանի բացման առումով: Սակայն անցակետը մինչ օրս շարունակում է փակ մնալ։

Leave a comment