Գյումրիում կարկուտի և սառցաշերտի բարձրությունը տեղ-տեղ հասել է 1,5 մետրի

Բաժանորդագրվել

Անձրևն ու կարկուտը լցվել են Ղարիբջանյանի փողոցի տներից մեկը, բնակիչը կոտրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Գիշերը տեղացած տեղատարափ անձրևն ու կարկուտն արտակարգ իրավիճակ են ստեղծել Գյումրիում։ Ինչպես հայտնում է համայնքապետարանի մամուլի ծառայությունը, ինտենսիվ տեղումների պատճառով քաղաքի որոշ հատվածներ հայտնվել են ջրի և սառույցի տակ՝ լուրջ խնդիրներ առաջացնելով բնակիչների և տրանսպորտային միջոցների համար:

«Ամենաբարդ իրավիճակը գրանցվել է Տերյան փողոցից դեպի Ախուրյան տանող կամրջի տակի հատվածում։ Այնտեղ գոյացել էր հսկայական սառցաշերտ, ինչպես նաև ջրային մեծ կուտակումներ, ինչի հետևանքով երթևեկությունն այդ ուղղությամբ ամբողջությամբ կաթվածահար էր եղել և դարձել անանցանելի»,- հայտնում են համայնքապետարանից։

Որոշ հատվածներում սառցաշերտի բարձրությունը հասել է 1,5 մետրի։ Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Չադրյանի խոսքով՝ թեպետ ստորգետնյա ջրատարները գործել են, սակայն ջրի քանակն այնքան շատ է եղել, որ պարզապես հնարավոր չի եղել ժամանակին ապահովել ամբողջական ջրահեռացումը։

Բնակկոմունալ բաժնի և կոմունալ ծառայության աշխատակիցները գիշերվա ընթացքում փորձել են հեռացնել հաստ սառցաշերտը, մաքրել ճանապարհն ու բացել հաղորդակցությունը մեքենաների համար։

Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերությունը նաև կադրեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են անձրևն ու կարկուտը լցվել Ղարիբջանյանի փողոցի տներից մեկը, բնակիչը կոտրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։

Գյումրու քաղաքապետարանից ներկայացրել են գիշերային ջրհեղեղի մանրամասները

Leave a comment