ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Սպիտակ տան Իրավիճակային սենյակում (Situation Room) անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Իրանի նկատմամբ հետագա գործողությունների տարբերակները։ Այդ մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պորտալի տեղեկություններով՝ Վաշինգտոնը դիտարկում է լայնածավալ, սակայն ժամանակային առումով սահմանափակ ռազմական գործողության հնարավորությունը։ Նախաձեռնության նպատակն է ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա՝ ընթացող բանակցություններում Իրանի դիրքորոշումը փոխելու համար։
Խորհրդակցությանը մասնակցել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը, Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը և նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը քննարկմանը միացել է տեսակապի միջոցով՝ Ֆլորիդայում գտնվող ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության շտաբից։
Axios-ի փոխանցմամբ՝ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Միևնույն ժամանակ, ռազմական նախապատրաստական քայլերին զուգահեռ, ԱՄՆ-ն շարունակում է դիվանագիտական շփումները տարածաշրջանային միջնորդների միջոցով՝ փորձելով պահպանել բանակցային գործընթացը։