Հունվարի 31-ին «Անգլերեն» առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդների համար կազմակերպվում է լրացուցիչ քննություն
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 31-ին «Անգլերեն» առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդների համար Գնահատման և թեստավորման կենտրոնը մարտի 1-ին կազմակերպում է լրացուցիչ քննություն: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Հայտագրվելու համար դիմորդները պետք է մուտք գործեն dimord.am կայքի իրենց անձնական էջ և սեղմելով «Վերահանձնել» կոճակը՝ ներկայացնեն լրացուցիչ քննությանը մասնակցելու հայտ։ Հաջորդաբար, Գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդի էլեկտրոնային հասցեին կուղարկի վերահանձնմանը մասնակցելու հաստատումը, իսկ քննությունից 3 օր առաջ դիմորդն էլփոստի միջոցով կստանա անցաթուղթը, որտեղ նշված կլինեն քննության վայրը և ժամը։
Հայտագրման գործընթացը կսկսվի փետրվարի 8-ին՝ ժամը 12:00-ին և կավարտվի փետրվարի 12-ին՝ ժամը 23:00-ին:
Նախկինում դիմորդի ներկայացված բոլոր տվյալները պահպանված են համակարգում, և դրանք կրկնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
Լրացուցիչ քննության արդյունքների ամփոփումից հետո ընդունելության մրցույթի համար կպահպանվի առավել բարձր միավորը։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հայաստանում կայացած «Անգլերեն լեզվի» պետական ավարտական և միասնական քննությունը մեծ իրարանցում էր առաջացրել դիմորդների և նրանց ծնողների շրջանում, որոնք սոցցանցերում դժգոհել էին քննական թեստերում առկա սխալներից ու անճշտություններից, ինչպես նաև հարմարավետ պայմանների բացակայությունից։
Ավելի ուշ Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղարը պարզաբանել էր, որ տեխնիկական վրիպակներ են եղել թեստի 2-րդ և 4-րդ տարբերակներում, ինչի պատճառով մասնակիցներին տրամադրվել է լրացուցիչ 30-45 րոպե ժամանակ։ Նա նշել էր, որ նման ծավալի տպագրության դեպքում սխալներն անխուսափելի են։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով միջադեպի հնարավոր ազդեցությունը դիմորդների արդյունքների վրա՝ ԳԹԿ-ն և ԿԳՄՍ նախարարությունը որոշել են մարտի 1-ին կազմակերպել նոր քննություն։
Նախարարությունից հայտնել են, որ վերահանձնմանը կարող են մասնակցել բոլոր դիմորդները՝ անկախ նրանց բաժին հասած թեստի տարբերակից, ընդ որում՝ մրցույթի համար կպահպանվի երկու քննություններից ստացված առավել բարձր միավորը։ Նրանք, ովքեր գոհ են իրենց նախնական արդյունքից, կարող են չմասնակցել նոր քննությանը և պահպանել հունվարի 31-ի գնահատականը։