Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է

Հասարակություն

10.06.2026 | 23:00

Եթե WhatsApp հավելվածում Instagram-ի անունից ստացել եք գաղտնաբառի փոփոխության հղում, սակայն ինքներդ նման հարցում չեք կատարել, մի՛ բացեք այն և մի՛ մուտքագրեք ձեր տվյալները։ ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ խարդախները կարող են կեղծ հաղորդագրությունների միջոցով փորձել հասանելիություն ստանալ օգտատերերի հաշիվներին։

«Եթե դուք ունեք Instagram-ում անհատական հաշիվ և օգտագործում եք նաև WhatsApp հավելված, ապա Instagram-ում ձեր հաշվի գաղտնաբառը փոփոխելու ցանկության դեպքում Meta ընկերությունը համապատասխան հղումը կարող է ուղարկել նաև ձեր WhatsApp հաշվին՝ կախված ձեր կարգավորումներից։

Սակայն պետք է հաշվի առնել, որ խարդախները կարող են կեղծ հաղորդագրությունների միջոցով փորձել մոլորեցնել ձեզ և արդյունքում ստանալ հասանելիություն անհատական հաշվին:

Եթե WhatsApp հավելվածի միջոցով Instagram անվամբ հաշվից ստացել եք գաղտնաբառի փոփոխության վերաբերյալ հղում, բայց դուք նման գործողություն չեք նախաձեռնել՝

• մի՛ մուտք գործեք այդ հղումով,

• մի՛ տրամադրեք ձեր գաղտնաբառը կամ մուտքի տվյալները այդ հղման միջոցով:

Համացանցում ձեր անհատական հաշիվների անվտանգությունը առաջին հերթին սկսվում է ձեր զգոնությունից»,- նշում են Կիբեռոստիկանությունից:

Leave a comment