Հացադուլը դադարեցնելու վերաբերյալ վերջնական որոշում չկա. փաստաբանը՝ Օսիպյանի վիճակի մասին

Բաժանորդագրվել

Օսիպյանի նկատմամբ կիրառվել է համակցված խափանման միջոց՝ երաշխավորություն և բացակայելու արգելք։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ, 23 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանն արդեն ավելի քան 1 ժամ է՝ ազատության մեջ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին հայտնեց նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազը որոշում է կայացրել վերացնել կիրառված խափանման միջոց կալանքը՝ հաշվի առնելով ներկայացված անձնական երաշխավորությունները։

Փաստաբանի խոսքով՝ առողջական վիճակը հասկանալու համար Օսիպյանը դեռ պետք է պատշաճ բուժզննում անցնի։

«Հյուծված է, քաշի զգալի կորուստ ունի, բայց ավելի խորքային տվյալներ հնարավոր կլինի իմանալ բուժզննման արդյունքում»,- նշեց փաստաբանը։

Հավելեց, որ հացադուլը դադարեցնելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա։ Այս պահի դրությամբ Օսիպյանը դեռ չի վերսկսել սնվելը։

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ կիրառվել է համակցված խափանման միջոց՝ երաշխավորություն և բացակայելու արգելք։

Հովհաննիսյանի խոսքով՝ Օսիպյանի՝ առողջական վիճակի կարգավորումից հետո կխորհրդակցեն՝ հետագա քայլերը որոշելու համար։ Դա վերաբերում է և՛ Արթուր Օսիպյանի իրավական պաշտպանության մարտավարությանը, և՛ այն քաղաքական գործընթացին, որը մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանրային բանավեճից հետո։

Leave a comment