Կիրանցում քվեարկության առեղծվածային պատկերը և ԿԸՀ-ի լռությունը

Տավուշի մարզի Կիրանց համայնքում անցկացված ընտրությունների վերաբերյալ սոցիալական ցանցերում քննարկումներ են ծավալվել ընտրողների թվի և քվեարկության արդյունքների շուրջ։ Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Վարդանյանը, որը նաև Կիրանցի բնակիչ է, գրել էր

«2026 թվականին ընտրողների թիվը եղել ա 401 մարդ, իսկ ընտրություններին մասնակցել է 307-ը։ Այսինքն մի գյուղում, որտեղ ապրում է մոտ 260 չափահաս մարդ, ընտրություններին մասնակցել է 307 մարդ»։

Վարդանյանը նաև նշել է, որ Կիրանցում քվեարկել են սահմանապահներ, ժամկետային զինծառայողներ, ինչպես նաև համայնքում չբնակվող և այնտեղ գրանցում չունեցող անձինք։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Կիրանցի 37/27 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների արձանագրությունը և ընտրողների ստորագրված ցուցակները։ 

Ըստ տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 401, իսկ քվեարկությանը մասնակցել է 307 ընտրող։ Սակայն ստորագրված ընտրացուցակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փաստացի ստորագրել և քվեարկել է 302 անձ։ 

Արտապատկերումը՝ 37/27 (Կիրանց) տեղամասի քաղվածքից

Ինչպես նշել էր Վարդանյանը իր գրառման մեջ՝ Կիրանցում ապրում է 260 չափահաս, բայց քվեարկել են 307-ը։ Անհրաժեշտ է նշել, որ ապրողների և գրանցված անձանց թիվը կարող է չհամընկնել, քանի որ անձը կարող է հաշվառված լինել իր ծննդավայրում, բայց ապրել մեկ այլ բնակավայրում։

Ընտրողների քանակի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու նպատակով FIP.am-ը դիմել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ հետաքրքրվելով, թե քանի ընտրող է հաշվառված Կիրանցում, և քանի քաղաքացի է փոխել իր հիմնական քվեարկության վայրը՝ ընտրություններին մասնակցելու համար։ 

Ըստ ՆԳՆ տվյալների՝ Կիրանցում գրանցված ընտրողների թիվը 337 է, իսկ հիմնական քվեարկության վայրը Կիրանց փոխած անձանց թիվը 58 է։ Ընդհանուր առմամբ Կիրանցում գրանցված ընտրողների թիվը եղել է 395, սակայն ըստ ԿԸՀ արձանագրության՝ թիվը 401 է։

Այսպիսով, ՆԳՆ տվյալներով, Կիրանցում ընտրողների ընդհանուր թիվը պետք է կազմեր 395, մինչդեռ ԿԸՀ հրապարակած արձանագրությունում նշված է 401 ընտրող։

Ստեղծված իրավիճակը պարզ ներկայացնելու համար FIP.am-ը ԿԸՀ-ին ներկայացրել է երկու կոնկրետ հարց ընտրողների թվի և ստորագրությունների անհամապատասխանությունների վերաբերյալ։ 

Մասնավորապես հարցրել էինք, թե ինչպես է ստացվում, որ ստորագրել է 302 անձ, բայց արձանագրվել է 307 քվե, և ինչպես է ստացվել, որ գրանցված ընտրողների թիվը 395 է, իսկ արձանագրվել է 401-ը։ 

Սակայն ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը, չներկայացնելով որևէ փաստական պարզաբանում կամ հաշվարկ, միայն հղում արեց Ընտրական օրենսգրքին՝ չպատասխանելով բարձրացված հարցերին։

Այսպիսով, Կիրանցի ընտրությունների վերաբերյալ ՆԳՆ-ի և ԿԸՀ-ի հրապարակած տվյալների միջև առկա են թվային անհամապատասխանություններ։ Չեն համընկնում ինչպես ընտրողների ընդհանուր թվի վերաբերյալ տվյալները, այնպես էլ քվեարկությանը մասնակցած անձանց և ստորագրված ընտրացուցակներում առկա ստորագրությունների քանակը։ Միաժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի պարզաբանում արձանագրված տարբերությունների պատճառները։ 

Արեն Նահապետյան

The post Կիրանցում քվեարկության առեղծվածային պատկերը և ԿԸՀ-ի լռությունը appeared first on FIP.AM.

Leave a comment