2026թ․ հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններն անցել են «Ընտրական օրենսգրքի» բազմաթիվ խախտումներով և չեն արտացոլում ժողովրդի կամարտահայտումը։
• Քարոզարշավի ամբողջ ընթացքում և դրան նախորդող ամիսներին իշխանության ներկայացուցիչներն իրականացրել են ընտրողների նկատմամբ ճնշումներ՝ աշխատանքից ազատելու, ձերբակալելու և այլ սպառնալիքների տեսքով, հատկապես այն անձանց նկատմամբ, ովքեր կամ իրենք, կամ իրենց ընտանիքի անդամները որևէ ձևով ներգրավված են եղել ընդդիմադիր ուժերի ընտրական գործունեության մեջ։
• Անհիմն ձերբակալվել, կալանավորվել, երկարատև հարցաքննությունների են կանչվել ընդդիմադիր թեկնածուներ և ընտրական շտաբների պատասխանատուներ՝ նրանց ընտրական գործընթացներից դուրս մղելու նպատակով։
• Թեև պետական պաշտոնյաները գտնվել են արձակուրդում, քարոզարշավի ընթացքում շարունակել են հանդես գալ իրենց պաշտոնեական դիրքերից՝ անուղղակիորեն կատարելով իրենց գործառույթները։
• Հանրային հեռուստատեսությունը քարոզարշավի ընթացքում և դրանից առաջ իրականացրել է համակարգված հակաքարոզչություն ընդդիմադիր ուժերի նկատմամբ՝ կրկնելով իշխանական համացանցային լրատվամիջոցների հակաքարոզչական թեզերը։
• Ընտրությունների օրը բազմաթիվ տեղամասերում և դրանց հարևանությամբ, իշխանության ներկայացուցիչների ներկայությամբ, ճնշում է գործադրվել ընտրողների ազատ ընտրության վրա։
Թեև տեղամասերում, բուն քվեարկության գործընթացը անցել է հիմնականում օրենքի շրջանակներում, սակայն, համաձայն մեր վերլուծությունների և գնահատականների, ընտրություններին մասնակցող քաղաքացիներից առնվազն 130.000-ը իշխող կուսակցությանն ընտրել է պարտադրված՝ խուսափելով անձնական, ֆինանսական, սոցիալական, հոգեբանական և այլ խնդիրներից։
Նշված խախտումներն արձանագրել է նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը։ Վերոնշյալն ունեցել է էական ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա։ Ազատ ու արդար ընտրությունների պարագայում իշխող կուսակցությունը չէր կարողանալու ստանալ մանդատների մեծամասնությունը։
Այսպիսով, «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ:
«Ապրելու երկիր» կուսակցություն