ՀՀ-Թուրքիա սահմանների բացման դեպքում երկկողմ առևտրի ծավալը կարճ ժամանակում 1 միլիարդ դոլարի կհասնի․ Yeni Safak

Ալիջանի և Աքյաքայի սահմանային անցակետերի մոտ ապագայում բացումը կոչված է արագացնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Երկկողմ առևտրի ծավալը կարճ ժամանակում 1 միլիարդ դոլարի կհասնի։ Այս մասին ասվում է թուրքական Yeni Safak-ի անդրադարձում:

Լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանում անցկացված ընտրություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արագացրել է Անկարայի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը տարածաշրջանային խաղաղության և հարաբերությունների կարգավորման իր ուղերձներով։ Փաշինյանի՝ Թուրքիայի հասցեին հնչեցրած դրական հայտարարություններից հետո ուշադրությունը սևեռվել է երկու երկրների միջև սահմանային անցակետերի նախատեսված բացման վրա։ Կանխատեսվում է, որ այս քայլերը, որոնք նախատեսված էին ընտրություններից առաջ, բայց հետաձգվել էին հետագա զարգացումների պատճառով, կրկին օրակարգում կհայտնվեն առաջիկայում։ Ըստ հաղորդումների՝ երկու երկրների միջև դիվանագիտական ​​շփումները թափ են հավաքում, նպատակն է՝ կարգավորման գործընթացում կոնկրետ քայլեր ձեռնարկել, ասվում է հրապարակման մեջ։

Սկզբում նախատեսվում է բացել Իգդիրում գտնվող Ալիջան սահմանային անցակետը փոխադարձ անցումների համար: Հայկական կողմից նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտված են, նպատակն է՝ շուտով դրանք ավարտել նաև թուրքական կողմում: Այսպիսով, նախատեսվում է, որ փոխադարձ անցումները և առևտուրը կսկսվեն ամառային ամիսներին:

Ըստ պարբերականի՝ աշխատանքներ են տարվում նաև Կարսի Աքյաքա սահմանային անցակետի բացման ուղղությամբ: Այս սահմանային անցումների գործարկմամբ նախատեսվում է վերաձևավորել երկու երկրների միջև տրանսպորտային և առևտրային ցանցը:

Կանխատեսվում է, որ սահմանների բացմամբ երրորդ երկրները կբացառվեն Թուրքիայի և Հայաստանի միջև անուղղակի առևտրից, որը տարիներ շարունակ իրականացվում է Վրաստանի միջոցով: Առևտրում, որը ներկայում գնահատվում է 300-350 միլիոն դոլար, գերակշռում են հագուստը, քիմիական արտադրանքը, սնունդը և չմշակված թանկարժեք մետաղները։

Ըստ լրատվամիջոցի՝ ուղիղ առևտրի մեկնարկով լոգիստիկ ծախսերը կնվազեն, ապրանքներն ավելի արագ կհասնեն շուկա, իսկ երկկողմ առևտրի ծավալը կարճ ժամանակում կհասնի 1 միլիարդ դոլարի: Ակնկալվում է, որ այս գործընթացը կնպաստի նաև տրանսպորտային միջանցքների ընդլայնմանը և Հարավային Կովկասում տնտեսական ինտեգրման ամրապնդմանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment