Իրանը սպառնում է վերանայել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջին բախումներից հետո

Թեհրանը հայտարարել է, որ տարածաշրջանում լարվածության աճի պայմաններում ԱՄՆ-ի հետ դիվանագիտական գործընթացի շարունակությունը հարցականի տակ է։

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն կարող առաջընթաց գրանցել հրադադարի շարունակական խախտումների և տարածաշրջանային իրավիճակի սրման ֆոնին։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը խաթարում է բանակցային գործընթացը «հակասական հայտարարություններով, փոփոխվող դիրքորոշումներով և գործողություններով», մինչդեռ Իսրայելը, ըստ Բաղայիի, ավելի է սրում իրավիճակը՝ պարբերաբար խախտելով Լիբանանում գործող հրադադարի պայմանները։

«Անցած գիշերվա իրադարձություններից հետո մենք պետք է վերանայենք ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ուղին։ Ցանկացած բանակցային գործընթաց պահանջում է առնվազն կայուն միջավայր»,-ընդգծել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Թեհրանում նշում են, որ հետագա բանակցությունների ճակատագիրը կախված կլինի տարածաշրջանում անվտանգության իրավիճակի զարգացումներից և կողմերի գործողություններից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment