Եթե անցած տարի 8,3 տոկոս է եղել տնտեսական ակտիվության ցուցանիշը, արդեն 2025-ին եղել է 9,1 տոկոս, նշել է Պապոյանը
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Եթե անցած տարի 8,3 տոկոս է եղել տնտեսական ակտիվության ցուցանիշը, արդեն 2025-ին եղել է 9,1 տոկոս:
Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Տնտեսության բոլոր ոլորտներըն աճել են. ծառայությունները՝ ավելի քան 10%-ով, առևտուրը՝ 3%-ով, գյուղատնտեսությունը՝ մոտ 6 %-ով, շինարարությունը՝ ավելի քան 20%-ով, արդյունաբերությունը՝ 4,7%-ով, մասնավորապես մշակող արդյունաբերությունը՝ 3,3%-ով», – ասաց Պապոյանը:
Ըստ նախարարի՝ կա արտահանման և ներմուծման կրճատում, որը պայմանավորված է պարզ ոսկու վերարտահանման կրճատումներով, ինչպես նաև այլ ապրանքների որոշակի կրճատում, որոնք կապված են սանկցիոն մեխանիզմների խստացման հետ:
«ՀՀ կառավարությունը խիստ հետևում է, այսինքն՝ ցանկացած որոշում, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն, օրինակ, ընդունում են Ռուսաստանի դեմ՝ այս կամ այն ապրանքի հետ կապված, մենք դա անմիջապես ի գիտություն ենք ընդունում և համապատասխան որոշում ենք կայացնում» – ասաց նախարարը։
Պապոյանի խոսքով՝ այդ պատճառով այն, ինչ 2023-ին կամ 2024-ին Հայաստանի տարածքով գնացել է, 2025-ին թույլ չի տրվել, որովհետև այդ առումով իրենք սերտ աշխատում են եվրոպական գործընկերների հետ, դրա համար որոշ ուղղություններով կա վերարտահանման կրճատում։