ԵՄ-ն Հայաստանում նորաստեղծ առաքելության ղեկավար է նշանակել

Քաղաքականություն

10.06.2026 | 10:20

ԵՄ Խորհուրդը հունիսի 9-ին Կոսմին Ջորջ Դինեսկուին նշանակել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության նորաստեղծ առաքելության (EUPM Armenia) ղեկավար։ Նա պաշտոնավարումը կսկսի 2026 թվականի հունիսի 11-ից՝ նախնական մեկ տարվա մանդատով։ Որոշումը կայացրել է ԵՄ քաղաքական և անվտանգության կոմիտեն։

Հաղորդվում է, որ EUPM Armenia-ն ստեղծվել է Հայաստանի իշխանությունների դիմումով՝ 2026 թվականի ապրիլի 26-ին՝ երկու տարի նախնական ժամկետով, երկրի դիմակայունության և ճգնաժամերի կառավարման կարողությունների բարելավման նպատակով։ Առաքելությունը կաջակցի Հայաստանին բազմաշերտ սպառնալիքների դեմ պայքարում, ինչպիսիք են կիբերհարձակումները, օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիան, միջամտությունը (FIMI) և անօրինական ֆինանսական հոսքերը՝ տրամադրելով ռազմավարական և գործառնական խորհրդատվություն։

Կոսմին Դինեսկուն ռումինացի դիվանագետ է՝ դեսպանի կոչումով, որն ունի միջազգային հարաբերությունների ոլորտում ավելի քան 25 տարվա փորձ։ Նա ձեռք է բերել ղեկավարման և կառավարման լայնածավալ փորձ՝ դիվանագիտական բարձր պաշտոններ զբաղեցնելով  Լիտվայում և Լատվիայում, եղել է նաև Խորվաթիայում Ռումինիայի դեսպան։

Վերջերս նա երեք տարի ծառայել է որպես Մոլդովայում Եվրամիության գործընկերության առաքելության (EUPM Moldova) առաջին ղեկավար։

EUPM-ը Հայաստանում երկրորդ քաղաքացիական առաքելությունն է։ Այն առանձնանում է 2023 թվականին ստեղծված ԵՄ առաքելությունից (EUMA), որի խնդիրն է դիտարկել և հաշվետվություններ ներկայացնել տեղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նպաստել վստահության ամրապնդմանը և մարդկային անվտանգությանը հակամարտությունից տուժած տարածքներում։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment