Այսօր՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Սարալանջային փողոցում դեպի ճոպանուղի տանող հատվածում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։
«ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վարորդի դին։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդի և մահացածի ինքնությունը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։