Apple-ը ներկայացրել է Siri-ի AI տարբերակը

Ամերիկյան Apple Inc.-ը ծրագրավորողների համար անցկացվող իր ամենամյա Worldwide Developers Conference-ի (WWDC) ընթացքում ներկայացրել է Siri ձայնային օգնականի AI տարբերակը։

Նոր լուծումը ստեղծվել է Google-ի հետ համագործակցությամբ և, օգտագործելով օգտատերերի տվյալները, կարող է պատասխանել ավելի բարդ հարցերի և կատարել առաջադրանքներ, գրում է The Wall Street Journal-ը։

Apple-ի ղեկավարները ցուցադրել են, թե ինչպես է Siri AI-ն գնում համերգի տոմսեր, պլանավորում միջոցառումներ, լուսանկարներում ճանաչում օբյեկտներ և փոխգործակցում դրանց հետ։

Ընկերությունը թարմացրել է Siri-ի արտաքին տեսքն ու ձայնը՝ օգտատերերին հնարավորություն տալով կարգավորել խոսքի արտահայտչականությունն ու արագությունը։

Նոր գործառույթների հասանելիությունը սահմանափակված կլինի գնային և աշխարհագրական գործոններով, ինչպես նաև սարքի տեխնիկական հնարավորություններով, նշում է WSJ-ն։

Այնպիսի գործառույթների համար, ինչպիսիք են պատկերների գեներացումը և որոնք պահանջում են ավելի հզոր սերվերներ, սահմանվել են օգտագործման օրական սահմանաչափեր։ Սակայն ընդլայնված հասանելիությունը հնարավոր կլինի գնել iCloud+ բաժանորդագրության շրջանակում, հայտարարել է Apple-ի ծրագրային ապահովման մշակման ղեկավար Քրեյգ Ֆեդերիգին։

Սկզբնական շրջանում Siri AI-ն հասանելի չի լինի ԵՄ-ում iPhone-ի և iPad-ի համար, իսկ Չինաստանում նոր AI գործառույթներից հնարավոր չի լինի օգտվել, քանի դեռ ընկերությունը աշխատում է կարգավորող պահանջների ուղղությամբ։

Առավել առաջադեմ գործառույթներից մի քանիսը նախատեսված են միայն նորագույն չիպերով աշխատող iPhone-ի, iPad-ի և Mac-ի համար։

Apple-ը նաև ներկայացրել է macOS 27-ը, որը կկոչվի Golden Gate։ Սկզբում դրա բետա տարբերակը հասանելի կլինի ծրագրավորողներին, իսկ հաջորդ ամիս՝ օգտատերերի ավելի լայն շրջանակին։ Օպերացիոն համակարգի ամբողջական տարբերակը կթողարկվի աշնանը։ Ընկերության կայքում նշվում է, որ Siri AI-ն անգլերենով հասանելի կդառնա այս տարի։

Երեքշաբթի նախաբորսայական առևտրի ընթացքում Apple-ի բաժնետոմսերը էժանանում են 0,3%-ով, իսկ նախորդ օրը՝ շնորհանդեսի ավարտից հետո, փակվել էին 1,9% անկմամբ։ Չնայած բարձր սպասումներին՝ ընկերությունը, ինչպես գրում է WSJ-ն, Siri-ի համար ցնցող կամ անսպասելի գործառույթներ չի ներկայացրել։

Leave a comment