ԵԽԽՎ-ն կանդրադառնա Ադրբեջանին
Ադրբեջանում քննադատական ձայներին լռեցնելու, ինչպես նաև Վրաստանում և Սերբիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային լիագումար նստաշրջանի առանցքային թեմաներից են։ Նստաշրջանը կայանալու է Ստրասբուրգում 2026 թվականի հունիսի 22-26-ը։
Խորհրդարանականները կքննարկեն նաև Իրանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության, արհեստական բանականության պատճառած խաթարումներից ժողովրդավարության պաշտպանության և անդրազգային բռնաճնշումների դեմ պայքարի վերաբերյալ զեկույցները։
Եվրոպայի խորհրդում Մոնակոյի նախագահության շրջանակներում Վեհաժողովին ուղերձով կդիմի պետական նախարար Քրիստոֆ Միրմանը (Christophe Mirmand)։ Մոնակոյի արտաքին գործերի նախարար, Նախարարների կոմիտեի նախագահ Իզաբել Բերո-Ամադեին (Isabelle Berro-Amadei) անդամներին կներկայացնի Խորհրդի նախարարական մարմնի աշխատանքների վերաբերյալ թարմ տեղեկատվություն և կպատասխանի հարցերին։
Վեհաժողովին ուղերձով կդիմի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարը (Matthias Guyomar), իսկ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն (Alain Berset) կանցկացնի իր ավանդական հարցուպատասխանի ժամը պատգամավորների հետ։
Քննարկվելիք այլ զեկույցների թվում են՝ բռնի պոռնոգրաֆիան որպես մարդու իրավունքների փորձություն, մեդիա ազատությունը սպորտում, լրատվամիջոցներում գենդերային կարծրատիպերի վերացումը, ինչպես նաև միգրանտների և փախստականների հասանելիությունը առողջապահական ծառայություններին։ Տեղի կունենա համատեղ քննարկում ճգնաժամային իրավիճակներում պարենային կայունության ապահովման և պարենային մարտահրավերներին արձագանքելու Մարոկկոյի փորձի վերաբերյալ։
Բացի այդ, հարցումներ են ներկայացվել «Կանանց հասանելիությունը արդարադատությանը» թեմայով հրատապ քննարկում անցկացնելու, ինչպես նաև «Քիշնևի հռչակագրի կատարման ընթացքը. Եվրոպայի խորհրդի գործողությունները միգրացիայի ոլորտում» և «Ջիմի Լայ» (Jimmy Lai) թեմաներով ընթացիկ հարցերի շուրջ քննարկումներ ծավալելու վերաբերյալ։
ԵԽԽՎ-ն կլսի նաև Հունգարիայում և Բուլղարիայում վերջին ընտրությունները դիտարկած իր պատվիրակությունների ղեկավարների զեկույցները։ Երեքշաբթի օրը Վեհաժողովի անդամները պետք է ընտրեն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալին։
Վերջնական օրակարգը կորոշվի Վեհաժողովի կողմից՝ նստաշրջանի բացման օրը։
Այս մասին հայտնում են ԵԽ մամուլի ծառայությունից։