Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ։
Ուկրաինայի ղեկավարն իր հայտարարության մեջ ընտրությունների արդյունքները որակել է որպես Հայաստանի անկախության հաղթանակ և ուղիղ կոչով դիմել Բրյուսելին՝ կտրուկ գործողությունների դիմելու համար:
«Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական, ազատ ընտրությունների անցկացման կապակցությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի համար։ Սա նաև Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և այնպես ապրելու իրավունքի հաղթանակն է, ինչպես դուք ինքներդ կընտրեք։ Մաղթում ենք ձեզ հաջողություն։ Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հենց հիմա ժամանակն է, որ Եվրամիությունը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի ամեն անհրաժեշտը, որպեսզի մարդիկ զգան, որ Եվրոպայի հետ հարաբերությունների շնորհիվ կյանքն ավելի լավ է դառնում։ Սա փորձություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակն ու հնարավորությունները», – նշված է Զելենսկու ուղերձում: