Ծաղկաբուծական միջազգային ամենախոշոր շուկան բացում է իր դռները հայկական ծաղիկ արտադրողների համար
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Ծաղկաբուծական միջազգային ամենախոշոր շուկան բացում է իր դռները հայկական ծաղիկ արտադրողների համար։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը:
Նա նշել է, որ Նիդերլանդներն աջակցում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված ԵՄ աջակցության փաթեթին։
«Մենք ուսումնասիրել ենք, թե գործնականում ինչպես կարող ենք աջակցել տուժած ոլորտներին, ինչպիսին է հայկական ծաղիկների արտադրությունը։ Արդյունքում, Royal Flora Holland-ն այժմ բացում է իր հարթակը հայկական ծաղիկ արտադրողների համար՝ նրանց կապելով Եվրոպայի և դրանից դուրս գտնվող գնորդների հետ»,- գրել է Բերենդսենը:
Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում կայացած ընտրություններին՝ հայտարարելով, որ Նիդերլանդներն ընդգծում է ազատ և արդար ընտրությունների կարևորությունը՝ որպես կայուն, ժողովրդավարական ապագայի հիմք, որը Հայաստանն ինքն է որոշում:
Ավելի վաղ Հայաստանից դեպի Լատվիա արտահանվել է 5500 տարբեր տեսակի վարդերի առաջին խմբաքանակը։ Եվրամիությունը պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին
Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք արտադրանքի ներմուծման վրա՝ որպես պատճառ նշելով «ԵԱՏՄ և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջների հաճախակի դարձած խախտումները»:
Սահմանափակումները մայիսի 22-ից անդրադարձել են ծաղկային և պարենային արտադրանքին, մայիսի 30-ից՝ թարմ լոլիկին, վարունգին, պղպեղին, կանաչեղենին և ելակին, հունիսի 2-ից՝ թարմ խաղողին և կորիզավոր պտուղներին (բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ և նեկտարին):
Նաև Ռոսսելխոզնադզորում հայտարարել են, որ հունիսի 2-ից հայկական կողմը պետք է դադարեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը ռուսաստանյան ստացողների հասցեով հայկական բոլոր ընկերություններից, բացառությամբ տեսչական ստուգում անցած երկու ձեռնարկությունների:
Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում:
Բացի այդ, Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և առաքվող հնդավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի ներմուծման, ինչպես նաև նշված մթերքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա: