51 քաղաքացի դատարանից պահանջել է իրեն ներառել ընտրողների ցուցակում. նրանցից 5-ն արցախցի է

Ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջով ժամը 17:00-ի դրությամբ 51 քաղաքացի է դիմել Երևանի և մարզային դատարաններ։ Այս մասին FactorTV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Դատական դեպարտամենտից։

«Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել 3 դատական գործ, Շիրակի մարզի դատարան՝ 11 դատական գործ, Կոտայք՝ 6, Գեղարքունիք՝ 3, Արագածոտն՝ 1, Լոռի՝ 1 ևԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ 26 դատական գործ»։

FactorTV-ի ճշտող հարցին, թե դիմում ներկայացրած քաղաքացիներից քանիսն են արցախցիներ, դեպարտամենտից նշեցին՝ 5։

Թեև ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջով դատարան ներկայացված դիմումները քննվում են հրատապ կարգով, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ որոշումներ չկան։ Քվեարկությանը մնաց 2 ժամ։

Հիշեցնենք՝ FactorTV-ն ռեպորտաժ էր պատրաստել տեղահանված անձանց ընտրական իրավունքի իրացման մասին։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը FactorTV-ի հետ զրույցում ասել էր, որ բոլորի համար պայմանը նույն է՝ ունենալ ՀՀ քաղաքացիություն։

«Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, բնականաբար, նույն կարգն է գործում և նույն ունիվերսալ կանոնը, որ անձը պետք է լինի 18 տարին լրացած և ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այսինքն, պետք է հասցնել պարզապես մինչև քվեարկության օրը, թեկուզ վերջին աշխատանքային օրը, ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, որով արդեն հնարավոր կլինի իրացնել ընտրելու իրավունքը»։

Այնինչ, արցախցի հանրային և քաղաքական գործիչները պնդում են, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այժմ արցախցիները կարող են մասնակցել ընտրություններին՝ իրենց 070 կոդով անձնագրով։

«2021 թվականի հունիսին շուրջ 120 արցախցիներ, որոնք 2020 թվականի պատերազմից հետո բռնի տեղափոխվել էին և ապրում էին ՀՀ-ում, 070 կոդով փորձել են քվեարկել և ոստիկանությունը թույլ չի տվել, դիմել են ընտրության օրը դատարան, և բոլոր դեպքերում դատարանը որոշում է կայացրել, որ այո՛, իրենք բոլորը քաղաքացիներ են և ընտրելու իրավունք ունեն։ Ու դատական ակտի հիման վրա կարողացել են քվեարկել»,- նշել էր «Արցախ միության» նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Նույնաբովանդիկ վճիռ օրեր առաջ Քաղաքացիական դատարանն էր կայացրել՝ բավարարելով արցախցի Մարատ Եգանյանի պահանջն ընդդեմ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, պարտավորեցնել կառույցին Եգանյանին ընդգրկել Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ցուցակում:

Միևնույն ժամանակ ծառայությունը կրկին հաղորդագրություն էր տարածել՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է, իսկ նման որոշումներ իրավասու է կայացնել ոչ թե Քաղաքացիական, այլ Վարչական դատարանը։

Թե ինչ որոշումներ այս անգամ կկայացնեն դատարանները և արդյոք դիմում ներկայացրած ու դրանք բավարարած անձինք կհասցնեն մասնակցել ընտրությանը, պարզ կդառնա առաջիկա ժամերին։

Ռոզա Վարդանյան

Leave a comment