Սիմոնյանը՝ դստեր, Ծառուկյանը՝ թոռան հետ, իսկ Մարուքյանին երեխայի հետ քվեախցիկ մտնել չթույլատրեցին․ ի՞նչ է ասում օրենքը

Քաղաքականություն

07.06.2026 | 14:59

ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում տարբեր ընտրատեղամասերում արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքական գործիչները քվեախցիկին մոտեցել են երեխաների հետ։

Մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քվեարկել է դստեր, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ թոռան ներկայությամբ։ Մինչդեռ ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել երեխայի հետ մտնել քվեախցիկ։

Հարց է առաջանում՝ ինչ կարգավորումներ է սահմանում օրենսդրությունը քվեախցում անչափահասի ներկայության մասով։

ՀՀ ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի։ Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է»։

Օրենսգիրքն, այսպիսով, կարգավորում է քվեաթերթիկի լրացման ընթացքում այլ անձի ներկայության հարցը, սակայն առանձին դրույթ չի նախատեսում անչափահաս երեխաների՝ ծնողների կամ հարազատների հետ քվեախցիկ մտնելու վերաբերյալ։

Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ երեխայի հետ քվեախցիկին մոտենալը կամ քվեախցիկ մտնելը չի համարվում ընտրական օրենսդրության խախտում։

Անի Թամրազյան

Leave a comment