ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեի թեմա չկա. ԱԽ քարտուղար

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ԵՄ-ի, թե ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին։

Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեի թեմա այս պահին իշխանությունների օրակարգում չկա։

«Որովհետև, գիտեք, մեր հայտարարությունն այն է եղել, որ քանի դեռ համատեղելի են երկու կազմակերպությունների՝ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերությունները, շարունակելու ենք այս օրակարգը։

Մենք այսօր էլ տեսնում ենք, որ համատեղելի է այս օրակարգը, և կշարունակենք այս ուղղությամբ աշխատանքները»,- ասել է նա։

Հարցին, թե ՌԴ նախագահն է հայտարարում անհամատեղելիության մասին, Գրիգորյանն ասել է.

«Կազմակերպություններն են անհամատեղելի, և դրա մասին մենք էլ ենք խոսել, որ երկու կազմակերպություններին անդամակցությունն անհամատեղելի է։ Բայց այն մակարդակի հարաբերությունները, որ մենք ունենք որպես ԵԱՏՄ անդամ պետություն, և հարաբերությունները, որ ունենք այսօր ԵՄ-ի հետ, համոզված ենք՝ դրանք համատեղելի են»։

Leave a comment